Բաժիններ՝

Կենդանաբանական այգու աշխատակիցներից ոչ թե 15-ն են ազատվել, այլ՝ 2-ը․ պարզաբանում

Գրել էինք, որ Կենդանաբանական այգու 15-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան՝ պնդելով, որ իրենց անհիմն են ազատել աշխատանքից։

2020 թվականի մարտի 18-ին Երևանի կենդանաբանական այգու 5 տարվա աշխատակից, գիշատիչների բաժնի պատասխանատու Հեկտոր Քոչարյանն աշխատանքից ազատման մասին հրաման է ստացել, անակնկալ վերջնահաշվարկ իր բանկային հաշվեհամարին:

168.am-ը Հեկտոր Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են աշխատանքից ազատել, գուցե լուրջ թերացումնե՞ր են եղել։ Ի պատասխան՝ նա ասաց, որ աշխատանքում թերացումներ չեն եղել։

«Ես արձակուրդից հետո՝ մարտի 16-ին, ներկայացել եմ աշխատանքի, ասել են՝ դիմում գրի, դուրս արի։ Դիմում գրել եմ, ուղղակի բաներ կային, բերեցին, որ ստորագրեի, չեմ ստորագրել։ Առանց հիմնավորման ասել են, որ ազատված եմ աշխատանքից, նույնիսկ ես պարտքեր եմ ունեցել, թե բա՝ արձակուրդայինը կբերես, հետ կվճարես, ասացի՝ չեմ կարող վճարել, մեկ ամիս էլ կարող եմ աշխատել։ Բա՝ չէ, դիմումդ գրի, դուրս արի»,- նշել էր Հ․Քոչարյանը։

Կենդանաբանական այգու լրատվականից հերքեցին այս տեղեկատվությունը՝ հայտնելով, որ Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից ազատվել են ընդամենը 2-ը՝ անհարգելի բացակայության հիմքով, և այս պահին նախկին աշխատակիցների կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է ընդամենը 3 հայց, որոնցից 2-ը վերաբերում են վերոնշյալ աշխատակիցներին, իսկ մյուս հայցվորը Հեկտոր Քոչարյանն է։

«Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամող Հեկտոր Քոչարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ 2020 թվականի մարտի 17-ին։ Տվյալ աշխատակցի և նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակցի միջև կատարվել է գույքի, ապրանքանյութական արժեքների գույքագրում և հանձնում-ընդունում, որին ներկա են եղել նաև գույքագրման համար ստեղծված հանձնաժողովի անդամները։ Հետևաբար, վերջինիս կողմից այն հայտարարությունը, որ տեղեկացված չի եղել իր և Այգու միջև ծագած աշխատանքային իրավահարաբերությունների դադարեցման մասին՝ չի կարող համապատասխանել իրականությանը։ Աշխատակիցը նաև ծանոթացել և ստորագրել է աշխատանքից ազատման հրամանի իր օրինակին, պարտավորագրի բովանդակությանը՝ այգու տնօրենի տեղակալի, այգու իրավաբանի և մարդկային ռեսուրսների կառավարչի ներկայությամբ։

Հեկտոր Քոչարյանի կողմից աշխատանքից ազատման վերաբերյալ դիմումի՝ օրենքով սահմանված ժամկետներում հետվերադարձման պահանջ չի եղել։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ փաստացի Երևանի կենդանաբանական այգին կատարել է աշխատողի կամքը․ այն է՝ ազատել իրեն աշխատանքից՝ համաձայն իր դիմումի։

Մեկնաբանությունը, որտեղ Քոչարյանը նշում է անհիմն պարտքերի մասին, ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հեկտոր Քոչարյանը մինչ ազատման դիմում գրելն արդեն օգտագործել էր  2020 թվականի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ, և ստացել էր դրա համար արձակուրդային գումար։ Մինչդեռ իրեն, դիմումը ներկայացնելու պահին, հասանելի էր ընդամենը 4 օր տևողությամբ ամենամյա արձակուրդ։ Այսինքն՝ այգին աշխատանքից ազատման պահին արդեն իսկ նրան վճարել էր 20 օր տևողությամբ արձակուրդի ավել գումար։ Երևանի կենդանաբանական այգին իր ավել վճարած գումարը ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 213-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավունք ունի հետ պահանջել, որի համար ս․թ․ մայիսի 7-ին դիմել է ընդհանուր իրավասության դատարան։

Ինչ վերաբերում է նախկին աշխատակից Սուրեն Սիմիկիչին, ապա նա ևս ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Անկախ այն հանգամանքից, որ տվյալ աշխատակիցը երկար տարիներ աշխատել է Երևանի կենդանաբանական այգում և չի առնչվել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունների կատարմանը, քանի որ տեղեկացված չի եղել այգու արտահանման և ներմուծման շրջանակներում կատարված գործունեության մասին, այնուամենայնիվ, նրան տրվել է հնարավորություն շտկելու թերացումները, շարունակելու աշխատանքը, սակայն վերջինս ներկայացրել է դիմում»,- նշված է պարզաբանման մեջ։

Այգու Մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյանը մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ մանրամասնեց․«Այս պահին դատարանում ընդամենը 3 հայց ունենք, 2-ը աշխատանքից ազատվել են աշխատանքից անհարգելի բացակայության հիմքով։ Խոսքը Ազնիվ Գրիգորյանի և Արևիկ Մկրտչյանի մասին է։ Իսկ Հեկտոր Քոչարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ գրելով, թե որ օրն է ուզում ազատվել աշխատանքից։ Համաձայն դիմումի՝ կատարել ենք իր կամքը։ Այն, որ ասում է՝ հրամանին տեղյակ չեմ եղել, ինքը բաժնում հանձնում-ընդունում է կատարել, ստեղծվել է գույքագրման հանձնաժողով, որը փաստում են համապատասխան փաստաթղթերը։

Արևիկ Մկրտչյանը համատեղությամբ աշխատել է նաև «Վայրի բնության և մշակութային արժեքների» հիմնադրամում, որը պատկանում է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, շարունակում է աշխատել նաև ներկայումս։ Նախկին աշխատակիցների կողմից բարձրացված բողոքները ունեն միտում, մինչ ազատվելը բազմիցս վերջիններս ստեղծել են կոնֆլիկտային իրավիճակներ այգու աշխատակիցների շրջանում։
Եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, որ նոր տնօրենի ժամանակ եղել են նախկին կադրերի անհիմն ազատումներ, ապա ներկայումս կենդանաբանական այգում աշխատում են նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դասընկերն ու համակուրսեցին, ովքեր որևէ խնդիր չունեն այգու նոր տնօրինության ու աշխատակազմի հետ․ այստեղ կարևորվում են նրանց տարիների փորձն ու մասնագիտացումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս