Փոթորիկ՝ քաղաքական դաշտում․ Գագիկ Ծառուկյանի երեք առանցքային ուղերձները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստը փոթորկել է վերջին օրերի քաղաքական դաշտը: Հարց է առաջանում՝ ինչո՞վ էր Գագիկ Ծառուկյանի խոսքը հասցեական, մեկ պարզ պատճառով. նա ասաց այն, ինչի մասին այսօր խոսում են Հայաստանի բոլոր ընտանիքներում։ Հենց այս պատճառով էլ այն տարածվեց բոլորի տներում եւ հունից հանեց իշխանության նեղ խմբին։ Իհարկե, Գագիկ Ծառուկյանի ելույթը քաղաքական պրոցեսների դետոնատորի դեր է խաղալու, որովհետեւ, միեւնույնն է, ճգնաժամերը լուծվում են քաղաքական պրոցեսների եւ քաղաքական զարգացումների միջոցով, եւ դա պետության կայացվածության կարեւոր ցուցանիշ է։ Դա ավելի ուշ, իսկ հիմա ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ ասաց ԲՀԿ նախագահը։ Կա երեք հիմնական ուղերձ, որ կարմիր թելի պես անցնում է նրա ելույթով, եւ հենց դրանք են առանցքը։
Ուղերձ առաջին՝ համաճարակի դեմ պայքարը տապալված է
Հայաստանը փոքր երկիր է, եւ իրականությունը թաքցնելը գործնականում՝ անհնար է։ Առանց Ծառուկյանի ասելու մարդիկ չգիտե՞ն, որ հիվանդների թիվն ահռելի չափերով աճում է, մարդիկ չգիտե՞ն, որ տեստեր չկան, որ հիվանդանոցներում տեղ չկա։ Մարդիկ չե՞ն հասկանում, որ իշխանության կոպիտ սխալների պատճառով մենք ողբերգության շեմին ենք։ Մարդիկ չե՞ն տեսնում, որ հեռու մոտիկ երկրները ճիշտ կառավարման շնորհիվ պրակտիկորեն հաղթահարեցին վարակը։ Ճակատագրի հեգնանքով Գագիկ Ծառուկյանի վրա հարձակման հրաման տալուց ժամեր անց վարչապետ Փաշինյանը իրավիճակը գնահատեց շատ ավելի կոշտ։ Եթե Ծառուկյանը խոսում էր ավելի զուսպ ձեւակերպումներով, ապա Փաշինյանը իրավիճակը ձեւակերպեց որպես դժոխային։ Այդ դեպքում առաջանում է տրամաբանական հարց. ո՞րն էր թիմով հարձակվելու բարոյական իրավունքը։ Իսկ իրավիճակը, իրոք, չափազանց ծանր է եւ պահանջում է շատ լուրջ աշխատանք։
Ուղերձ երկրորդ՝ տնտեսությունը փլուզվում է
Իսկ կա՞ երկրորդ կարծիք։ Իսկ մենք չե՞նք տեսնում դատարկ խանութները, ռեստորանները, գեղեցկության սրահները, հյուրանոցները։ Չե՞նք տեսնում, որ ոչ մի բանի գնորդ չկա, տուրիստ չկա ու չի լինելու, սպառում չկա, ապրանք չի գնվում, ապրանք չի վաճառվում։ Չե՞նք տեսնում, որ արտագնա աշխատանքի հնարավորություն չկա, ու տրանսֆերները բազմակի անգամ կրճատվելու են։ Եթե Գագիկ Ծառուկյանն ասեր, թե տնտեսությունը փայլուն է, ու կեցցե կառավարությունը, լինելո՞ւ էր ամբողջ Հայաստանում գոնե մեկը, որ հավատար։ Հիմա ի՞նչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից։ Լինելով խոշոր սեփականատեր եւ Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ նա առաջին աղբյուրից գիտի տնտեսական ճգնաժամի ծավալներն ու ողբերգությունը։ Եթե այսպես շարունակվեց, Գագիկ Ծառուկյանը, եւ ոչ թե պատահականորեն մանդատ ստացած պատահականություններն են մի օր ստիպված լինելու գնալ կրճատումների ու հազարավոր ընտանիքների ողբերգությունը տեսնել սեփական աչքերով։ «Իմ քայլի» կյանք չտեսածները ֆեյսբուքում են, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ հազարավոր սոված ռեալ մարդկանց առաջ ռեալ Հայատանում։ Շատ դժվար է տեսնել, թե տասնամյակներով քո սարքածը ինչպես է փլվում պատահական մարդկանց սխալների պատճառով։ «Պրեմիան» կյանքի իմաստ դարձրած իմքայլականների համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է զգում գործատուն, երբ հասկանում է, որ մի քիչ հետո այլեւս չի կարողանալու մարդկանց աշխատավարձ տալ։ Ծառուկյանն ասում էր այսքանը, ավելին՝ ոչինչ։ Ասում էր՝ տնտեսությունը փլուզվում է, մարդիկ չեն կարողանալու ապրել, սխալ է ձեր տնտեսական քաղաքականությունը։
Ուղերձ երրորդ՝ ափսոս էր հեղափոխության հնարավորությունը
Քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանի ամենաթույլ կողմը նրա անկեղծությունն է։ Դա քաղաքականության մեջ չի խրախուսվում։ Գագիկ Ծառուկյանի այս եւ վերջին շրջանի հրապարակային խոսքում զգացվում է անկեղծ ափսոսանքը, որ հեղափոխության լավ գաղափարները իրականություն չեն դառնում, դրանք մոռացության են մատնվում։ Քաղաքական եւ մարդկային կենսագրությունից ելնելով՝ Գագիկ Ծառուկյանը ամենաշահագրգիռ դեմքերից մեկն էր, որ 2018-ի դրական սպասումները իրականանային, երկիրը երբեք չնայեր դեպի ետ։ Դա ուղիղ մտնում էր նրա անձնական շահերի մեջ։ Վստահ եմ՝ հիմա էլ այդպես է։ Մեծ հաշվով, իր վերջին ելույթում նա տագնապ էր հնչեցնում, որ դեռ կա հնարավորություն վերականգնել մարդկանց հույսն ու հավատը, վերականգնել դրական սպասումները եւ երկիրը առաջ տանել։ Գուցե վաղը ուշ կլինի, բայց այսօր դեռ կա այդ հնարավորությունը՝ թարմ օդի, գրագետ կառավարման, կոռուպցիայի դեմ խիստ պայքարի, արդար հարաբերությունների, ներքին համերաշխության եւ այլն։ Ո՞ւմ էին ուղղված Ծառուկյանի ուղերձները: Սովորաբար Գագիկ Ծառուկյանի ելույթները ուղղված են լինում լայն հասարակությանը. այս վերջին ելույթի հասցեատերը այլ էր։ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ուղերձները այս անգամ ուղղված էին երկրի վերնախավին՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, ռազմական, գիտակրթական։ Կար պարզ առաջարկ՝ վիճակը երկրում շատ բարդ է, եկեք միասին լուծումներ գտնենք, միասին տեր կանգնենք մեր պետությանը եւ մեր ժողովրդին։ Ի դեպ, վերնախավի մեջ մտնում է նաեւ իշխող քաղաքական ուժը։ Եվ նրանց մեջ շատերը կարող են առաջիկայում օգտակար եւ կարեւոր գործ անել մեր պետության համար։ Ելույթին հաջորդած զարգացումները, հնչեցված գնահատականները, մտքերը, առաջարկները մտան յուրաքանչյուրի տուն։ Դրանք դարձան բոլոր ընտանիքների, կոլեկտիվների, միջավայրերի քննարկման առարկան։ Սա երեւում է անզեն աչքով։ Սա փաստ է։ Մյուս արձագանքը իշխանության պատասխանն էր՝՝ հապճեպ, րոպեների ընթացքում կազմակերպված «հարձակում»։
Բովանդակությունը՝ նույնը՝ քրեական գործեր, սպառնալիք, վիրավորանք, ուրիշ բան չկա։ Բայց ուշադիր աչքից մի շատ կարեւոր բան չվրիպեց. իշխանությունը չկարողացավ համարժեք պատասխան տալ ո՛չ ծավալի եւ ո՛չ որակի առումով։ Իշխանությունը ստեղծեց պատասխանի, աղմուկի իմիտացիա, բայց միայն այսքանը։ Մարդկանց նույն խումբն էր՝ բարեկամ, աներձագ, պատահաբար մանդատ կամ պաշտոն ստացած եւ այլն։ Ինչո՞ւ այդպես ստացվեց. որովհետեւ իշխանությունն արդեն չունի սոցիալական հենարան։ Իշխանությունն արդեն չի կարողանում նույնիսկ իր շահերը պաշտպանել, էլ ուր մնաց՝ պետության խնդիրները լուծի։ Ի՞նչ պետք է անել առաջիկայում։ Ոչ մեկից հերոսություն կամ անձնազոհություն չի պահանջվում, ուղղակի պետք է չլռել։ Մենք իրավունք չունենք լռել, երբ ողբերգությունը թակում է մեր դուռը։ Այլեւս լռելու որեւէ արդարացում չկա»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
Իվետա Տոնոյան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: