Փաշինյանը պաշտոնանկություններով փորձում է փրկել իր «ռեյտինգը»
168.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է որոշ կադրային տեղաշարժերով փոփոխել իր իշխանության, իր կառավարության և, ի վերջո, իր մասին ընկալումները հասարակության մեջ, քանի որ նրան մտահոգում է ոչ միայն ֆեյսբուքում իր նկատմամբ հասարակության կողմից առկա բացասական վերաբերմունքը, կտրուկ հիասթափությունն ու սեփական վարկանիշի խիստ անկումը, այլև իրական կյանքում առկա դժգոհություններն իրենից և իր թիմից:
Խնդիրը, սակայն, նրանում է, որ նա իր թիմում և իրեն վստահելի շրջանակում չունի պրոֆեսիոնալ, փորձառու կադրեր, իսկ իշխանությունից դուրս եղած պրոֆեսիոնալները չեն ցանկանում իր հետ աշխատել, գործող իշխանության հետ որևէ առնչություն ունենալ:
Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը մինչև հունիսի վերջ կադրային փոփոխությունները կփորձի հնարավորինս ավարտին հասցնել:
Այսպես, վերջնականապես որոշվել է, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Փաշինյան-Ավինյան հարաբերությունները և միմյանց չհանդուրժող վերաբերմունքը փոխադարձ է: Ավինյանը, ինչպես մինչ այդ տեղեկացրել էինք, վաղուց սեփական թիմն է ձևավորում: Ե՛վ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, և՛ իշխանության ներսում, վաղուց խմորումներ են տեղի ունենում, լուրջ կոնֆլիկտներ կան, իշխանական թիմը մի քանի հատվածների է բաժանվել: Կորոնավիրուսի դեմ պայքարը Փաշինյանը ոչ միայն տանուլ է տվել, այլև երկիրը կանգնեցրել է լրջագույն առողջապահական, տնտեսական, սոցիալական խնդիրների առջև: Այդ ձախողումների տակից դուրս գալու համար Փաշինյանը ճիշտ պահի պետք է զոհաբերի Տիգրան Ավինյանին և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի նրանց վրա բարդի կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում:
Ավինյանի փոխարեն քննարկվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն Փաշինյանին և թիմից իր մի քանի մտերիմներին անհանգստացնում է վերջինիս նկատմամբ հասարակության խիստ դժգոհությունները, բացարձակապես ընդունված չլինելու հանգամանքը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով շատ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Փաշինյանի հետ: Այդ պաշտոնին է հավակնում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Մ. Հայրապետյանի թեկնածությունը քննարկվել է նաև Ավինյանի զբաղեցրած պաշտոնի համար, սակայն Աննա Հակոբյանը դեմ է եղել նրա նշանակմանը փոխվարչապետի պաշտոնում:
Քննարկվում է նաև Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնում նշանակելու հարցը:
Պաշտոնանկ կլինի նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Թե ով կնշանակվի նրա փոխարեն, այս պահին չի նշվում, քանի որ որևէ մեկը հանձն չի առնում ստանձնել ձախողած ոլորտի ղեկավարությունը, ավելի պարզ ասած` ոչ ոք չի ուզում մտնել կորոնավիրուսային համավարակի դեմ հիմնովին տապալած բեռի տակ, որևէ մեկը չի ուզում պատասխանատվություն կրել այն մահերի համար, որոնց հետ ինքը ոչ մի կապ չունի, առավել ևս, երբ ոլորտն ամբողջովին կազմաքանդվել է:
Ըստ օդում կախված լուրերի՝ Թորոսյանի պաշտոնանկությանը դեմ է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով վերջերս մի հրապարակման մեջ դրական էր գնահատել այդ նախարարի աշխատանքը: Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը ժամանակին լրատվամիջոցներից մեկին տված նրա հարցազրույցներից մեկում ինքն էր պատմել Տեր-Պետրոսյանի վստահված անձը լինելու մասին.
«2008-ին եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: DVD սկավառակները 10 հազար օրինակով ձայնագրում էինք ու իմ մեքենայով տարբեր գյուղերում էինք բաժանում: Ի դեպ, այդ ամենն արել ենք անաչառությամբ, ասում էին՝ ցույցերին մասնակցելու համար ձեզ գումար և պիցցա են բաժանում, իսկ ես իմ աշխատավարձն էի ծախսում: 2008-ի ընտրություններին իմ գրպանից մոտ 1500 դոլար գումար եմ ծախսել՝ DVD-ներ կրկնօրինակելու համար, այն ժամանակ էլ ասում էինք՝ DVD-ների հեղափոխություն է: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո եղել եմ նաև բազմաթիվ ակցիաների ու նախաձեռնությունների մասնակից»,-պատմել է նա:
Սպասվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությունը: Ըստ մեր աղբյուրների՝ նույնիսկ չի բացառվում նրա դեմ քրեական գործ հարուցվի: