Փաշինյանին դուր գալու նպատակով կամ նրա ուղիղ հրահանգով գեներալին ազատեց աշխատանքից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Արմեն Աբրահամյանը արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է, ով պատերազմից հետո երկար տարիներ ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում:
2018 թվականի հայաստանյան քաղաքական գործընթացների օրերին Աբրահամյանը ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարն էր, ում Նիկոլ Փաշինյանը հեռացրեց, իսկ նրա փոխարեն նշանակեց խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանին, ում ղեկավարած զորամասի մի շարք զինծառայողներ, 2018 թվականի «հեղափոխության» օրերին միացել էին ցուցարարներին:
Ըստ այդ ժամանակվա տարածված լուրերի, Աբրահամյանի պաշտոնանկության պատճառն այն էր, որ վերջինս «նոր իրավիճակում» այցելել էր վաղեմի մարտական ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, ինչն այս ժամանակների համար «մահացու» սխալ է:
Դրանից հետո Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը Արմեն Աբրահամյանին՝ որպես փորձառու զինվորական, նշանակեց Արցախի Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:
Իսկ այսօր, Նիկոլ Փաշինյանին դուր գալու նպատակով կամ նրա ուղիղ հրահանգով, Արայիկ Հարությունյանը հերթական գեներալին ազատեց աշխատանքից՝ «շտկելով» դեռ երկու տարի առաջ Բակո Սահակյանի «գործած մեղքը»: