«Այս պահին ունենք 403 ծանր վիճակում գտնվող պացիենտ, և 94՝ ծայրահեղ ծանր». Արսեն Թորոսյան

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, թե ինչու էին կորոնավիրուսով վարակվածների թվերն այսօր այդքան քիչ:

«Երեկ ունեցել ենք 195 դեպք, քանի որ մեր ամենամեծ լաբորատորիան, որը օրական 1000-1300 հետազոտություն կարող էր կատարել,  կանգնած է եղել պրոֆիլակտիկայի: Սա ասում եմ այն բանի համար, որ մեկ օրվա կամ մի քանի օրվա թվերով չառաջնորդվենք այսպիսի կարևոր իրավիճակում, որը հավանաբար երկար է պահպանվելու»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով այս պահին հիվանդանոցներում բուժվողներին՝ նախարարն ասաց.

«Այս պահին ունենք 403 ծանր վիճակում գտնվող պացիենտ, և 94՝ ծայրահեղ ծանր: Այս թվերը կայուն են վերջին օրերին, ինչը մի կողմից՝ լավ է, բայց բացարձակ թվով՝ շատ բարձր է: Պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվը քչանա, ինչը կարող է արվել ընդհանուր թվի կրճատման շնորհիվ»:

Առողջապահության նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգը ծավալման նոր փուլ է մտել, նրա պնդմամբ՝ սա արդեն երկրորդ փուլն է:

«Առաջին փուլն աննախադեպ է եղել, առողջապահական ուժերի նման մոբիլիզացիա չի եղել անկախ Հայաստանի պատմության մեջ: Ծավալման որոշում է կայացվել Սպիտակի ԲԿ-ի (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ի (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունքի (35-40 մահճակալ) մասով: Այս մահճակալների մեջ մտնում են թթվածնաթերապիայի մահճակալները: Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներն ավելի շատ կարիք ունեն թթվածին շնչելու, քան արհեստական շնչառության վրա լինելու: Նոր ռեանիմացիոն մահճակալներ ունենք Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում՝ 43 մահճակալ, որոնք ավելացել են 14-ով: Դրանք այսօր առավոտից  զբաղեցվում են ծանր վիճակում գտնվող քաղաքացիներով, ծավալմանը միացել է նաև Արմենիա ԲԿ-ն՝ 50 մահճակալ՝ միջին ծանրության հիվանդների համար, 8 մահճակալ՝ ծայրահեղ ծանր և ծանր հիվանդների համար»,- ասաց Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս