«Չեն կարող պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասել վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին». վարչապետը՝ ԳՇ պետի հրաժարականի մասին
Այսօր պարետատան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժամեր առաջ կայացրած որոշումներին՝ ուժային երեք կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների մասին: Նա շնորհակալություն հայտնեց ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար:
«Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնները, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ին, ժողովրդին, պետությանը ծառայելու իրենց պոտենցիալը սպառել են: Եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, անպայման այդ հարցը կքննարկենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջինը պետք է հետևեն հակահամաճարակային կանոններին՝ հավանաբար նկատի ուներ մամուլում հրապարակված տեղեկությունն ու տեսանյութը երեկ տեղի ունեցած ԶՈւ արդեն նախկին Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դարձել գեներալ-լեյտենանտին աշխատանքից ազատելու համար:
«Առաջին հերթին՝ հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաներն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը, բայց, ցավոք սրտի, հանդիպում ենք դեպքեր, որ այդպես տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել մի իրավիճակ, երբ մի բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, հակասեն վարչապետի հրապարակային ուղերձներին: Չի կարող լինել մի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն: Սա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից, սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգ ու կանոնի հստակ և անվերապահ, անքննարկելի պահանջ, որը չի կարող քննարկման առարկա դառնալ: Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն, ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավական լուրջ է, և այդ լրջությունը պետք է գնահատել: Իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել ու չի փոխվելու, համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու»,- ասաց Փաշինյանը: