Վերադասավորումներ՝ ՊԵԿ-ում. ո՞վ կզբաղեցնի Ռաֆիկ Մաշադյանի պաշտոնը
168.am-ի տեղեկություններով՝ շաբաթ՝ ուշ երեկոյան, խորհրդակցություն է տեղի ունեցել Պետական եկամուտների կոմիտեում. Թեման կադրային վերադասավորումներն են եղել:
Որոշվել է՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ զարմիկ Ռաֆիկ Մաշադյանը լքում է իր պաշտոնը: Նրա փոխարեն՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում կնշանակվի ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
Վերջինիս փոխարեն՝ քննարկվել է նույն վարչության բաժիններից մեկի ղեկավարի՝ Վարազդատ Աբրահամյանի թեկնածությունը, և հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, Վահան Չարխիֆալակյանի՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ դառնալուց հետո, կստանձնի ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնը:
Վարազդատ Աբրահամյանը ոստիկանության երբեմնի բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Ավետիք Աբրահամյանի որդին է: