Բաժիններ՝

Մշտադալար ծառատեսակների գողության դեպքերն են շատ, որոնք հատկապես կորոնավիրուսի այս համաճարակի պայմաններում իրենց մանրէազերծ հատկությամբ պետք է կարողանային օդը մաքրել 

«Երևանի համար աննախադեպ, շուրջ 250.000 թփատեսակներ են տնկվել, որոնք ունեն շատ կարևոր էկոլոգիական նշանակություն։ Էկոլոգիական առումով կարևոր գործառույթ է, այսինքն, պատնեշային թփապատում է իրականացվել փողոցներին մոտ տարածքներում, որոնք կապահովեն և՛ հողային շերտի պահպանությունը, և՛ կնպաստեն արտանետումների, աղտոտիչների նվազեցմանը»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ Երևանը համարվում է կիսաանապատային զոնա, և հեշտ չէր կանաչապատում իրականացնել։

«Սկզբնական շրջանում երբ կանաչապատել են, ընտրել են տեղային տեսակները, որոնք կարող էին հարմարվել, միկրոկլիմա ստեղծել Երևանի համար, սակայն այսօրվա դրությամբ՝ կան տեսակներ, որոնք իրենց սանիտարահիգիենիկ, գեղազարդ  գործառույթները կորցրել են, չեն իրականացնում այն ֆունկցիաները, ինչի համար ծառայում էին։ Դրա համար պետք է առաջարկել, տնկել տեսակներ, որոնք առավել կայուն են, միանման, համահունչ կլինեն կանաչապատման ընդհանուր կոնցեպտին։ Շատ կայուն տեսակներ կան, որոնք, ամբողջ աշխարհի մակարդակով ուսումնասիրություններ են կատարվել և առաջարկվել են՝ որպես լավ բիոֆիլտրեր։ Այս պահին Երևանում մենք ունենք սովորական հացենի, սոսիի արևելյան տեսակը, սոսի թխկիատերևը, և այլն»,- մանրամասնեց Գայանե Ներսիսյանը։

Ծառերի, թփերի չորացման, ոռոգման ցանցի աշխատանքների մասին խոսելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետն ասաց, որ ծառատեսակների տնկման տեխնիկական բնութագրերն են փոխվել․ տնկվել են արդեն 3-4 տարեկան ծառատեսակներ, որոնք իրենց փակ արմատային  համակարգով են եղել և 1-2 տարվա ընթացքում կարող են հասուն ծառի նման գործառույթներ իրականացնել։ Սակայն բոլոր ծառատեսակները չէ, որ կպչողականություն են ապահովել։

«Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա, եթե այն ունեցանք, կունենանք ցանկալի կանաչապատում։ 2019թ․ գույքագրում ենք իրականացրել, գիտենք, թե որ տարածքում ինչ խնդիր կա, ինչ ծավալի աշխատանք պետք է իրականացնենք։ Կոնկրետ այս տարվա համար շուրջ 20 կմ չափով ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ են ընթանալու։  Ընթացքում էլ քաղաքացիներից անընդհատ ստանում ենք ահազանգեր և փոխանցում ենք Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն համայնքային ոչ առևտրային կենտրոնին, որտեղ լրացնում են բացերը»,- նշեց Գայանե Ներսիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ցավոք, նոր տնկված ծառերի գողության դեպքեր են արձանագրվել և վնաս է հասցվել Երևան համայնքին, քանի որ մեծ ռեսուրսներ են ծախսվել և՛ տնկանյութի ձեռքբերման համար, և՛ամբողջ աշխատանքներն իրականացնելու։

«Գրեթե բոլոր վարչական շրջանների  այգիներում և պուրակներում, ինչպես նաև ճանապարհների մոտ տնկված թփերի, ծառերի գողության դեպքեր են արձանագրվել։ Մշտադալար ծառատեսակների գողության դեպքերն են շատ, որոնք պետք է ավելացվեին, հատկապես՝ կորոնավիրուսի այս համաճարակի պայմաններում, որպեսզի մանրէազերծ հատկությամբ կարողանան օդը մաքրել։ Տարել են նաև գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներ։ Վերհսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ քաղաքապետարանը ծրագրեր է մշակում»,- նկատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը։

Գայանե Ներսիսյանը տեղեկացրեց, որ Սիլիկյան թաղամասում, Նուբարաշենում, Սարալանջում անտառապատում են իրականացնելու։ Այս պահին Սարալանջում են իրականացնում ոռոգման հետ կապված աշխատանքներ, այն արդիականացվել է, կաթիլային ոռոգման համակարգ, պոմպակայան է ստեղծվել։  Հավանաբար աշնանը կսկսվեն կանաչապատման աշխատանքները։

Ծիծեռնակաբերդում ևս կա համայնքային հողատարածք, որոշակի աշխատանքներ արվել են, ոռոգման ցանց են անցկացրել, աշնանը նախատեսում են կանաչապատում իրականացնել։ Օղակաձև զբոսայգին էլ նախկին նշանակությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ ևս կատարվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս