«Նման անհրաժեշտության մասին մեր իշխանությունների կողմից չի բարձրաձայնվել». Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ բարեկամ պետություններին օժանդակության համար դիմելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն օրերս դիմել էր ՀՀ նախագահին, Վարչապետին, ԱԺ նախագահին և Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու առաջարկություններով:
Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված հատվածում նա հետևյալն է ասել. «Վեհափառ Տեր,
Երկու տարի շարունակ բզկտված և ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու և, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու»,- գրել է նա։
168.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով վերոնշյալին, ասաց.
«Նախ՝ վերջին ամիսներին Ամենայն Հայոց կաթողիկոսը բազմիցս հանդես է եկել ուղերձներով՝ իր հայրական հորդորները բերելով մեր ժողովրդի զավակներին և իշխանություններին՝ համավարակի հետևանքների հաղթահարման առնչությամբ։ Նորին Սրբությունը նաև այս պայմաններում իր կոչն է ուղղել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ զորակցելու հայրենիքին՝ ստեղծված իրավիճակում առաջացած կարիքները հոգալու համար»:
Ինչ վերաբերում է բարեկամ պետություններին օգնության համար Մայր Աթոռի դիմելու առաջարկին, քահանան նշեց. «Մեր ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած զանազան խնդիրների, ազգային կյանքը հուզող երևույթների առնչությամբ, ի պահանջել հարկի, հայրենի իշխանությունների հետ համագործակցաբար՝ նման դիմումներ Մայր Աթոռի կողմից կատարվել են թե տարբեր հոգևոր առաջնորդներին, թե պետությունների ղեկավարներին։ Ներկայիս նման անհրաժեշտության մասին մեր իշխանությունների կողմից չի բարձրաձայնվել»: