Բաժիններ՝

Հայ ժողովրդական տոներին առնչվող ասացվածքներն ու բանաձևերը

Պատմում են, որ ժամանակին թշնամիները լավ իմանալով, որ հունվարի 6-ին հայերը մեծ տոնախմբության պատճառով տանը չէին լինում, սկսում էին հարձակվել, ուստի՝ հատուկ այս առիթով մարդկանց մեջ պահպանվել է մի ասացվածք.

«Աստված պահե Հայտնությունե հեծելեն,

Վարդավառի հեղեղեն…»

Շիրակի մարզում ընդունված էր կարծել, որ Ջրօրհնեքի տոնից հետո յուրաքանչյուր օր մի գարու հատիկի չափ երկարում է: Իսկ ահա Տրնդեզի կրակն իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն, և կրակն այրելով մարդիկ միմյանց կոչ էին անում «ձմեռը վառել»: Հարկ է նշել, որ տոնի հետ մեկտեղ ավարտվում էր նաև «ձմռան քառասունքը»:

Տյառնընդառաջն այնքան կարևոր և սրբացված օր էր, որ երբեմն նույնիսկ նրանով երդվում էին կամ նրա անունը տալով որպես երաշխիք: Հետաքրքրական է նաև Զատկի տոնի հետ կապված բանաձևերն ու ասույթները: Օրինակ`անդրադառնալով Զատկի տոնին ախառ անելու անհրաժեշտությանը ասում էին.

«Էն քրիստոնեն, որ ախառով չմասնավորվի,

սաղ տարին իրավունք չունի մսի համ տեսնելու»:

Իսկ ահա ակնարկելով Զատկի մատաղը բաժանողների ազնվությունն ու արդարամտությունը՝ ասում էին.

«Զատիկ ախառ օրը մատաղ բաժանողներին կտակ եմ անում»:

Իսկ խոսելով Զատկին հաջորդող կիրակիներին ձվախաղերի առատության մասին՝ ասում էին.

«Ընչանք կանանչ կիրակին… ջեբերը լիքը ձու կլինի:

Հետաքրքիր և յուրօրինակ է նաև Վարդավառի տոնը: Այս տոնին շատերը վախենում էին հասունացած բերքի կորստից, այդ պատճառով ասում էին.

«Տեր, պահպանիր մեզ Վարդավառի բուքից ու կարկուտից, Տերնտասի տաք ու շոգից»:

«Վարդավա~ռ, վարձքդ կատար»:

Խոսելով նաև Ս. Խաչի տոների հետ մեկտեղ սկսվող օդի պաղության, ինչպես նաև բացօթյա գիշերների ավարտի մասին՝ ասում էին.

«Խաչ, վերմակը առ, ներս փախիր»:

«Աստվածածնա`բակը մտիր, Սըբ խաչին`ծակը մտիր»:

Իսկ ակնարկելով Ս. Գևորգի տոնին երկրագործական աշխատանքների ավարտը՝ ընդունված էր ասել.

«Ցախավելը կալից էկավ տուն»:

Հրանուշ Խառատյան-Առաքելյան «Հայ Ժողովրդական Տոները»

Արմեն Չաքմիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս