«Այդ քաղաքացու հետ կապված որոշակի տվյալներ ունեմ». Ոստիկանապետը՝ ուժի կիրառմամբ բերման ենթարկված քաղաքացու մասին
Այսօր խորհրդարանի երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ոստիկանապետ Արման Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի համացանցում տարածված տեսանյութը, երբ ոստիկանները պարզապես «ասֆալտին են փռում» քաղաքացուն՝ դիմակ չկրելու համար:
«Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկելիս նրան գցում են գետնին, ինչը ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանել է, թե նա չի ենթարկվել: Տեսանյութում երևում է, որ քաղաքացին ոստիկաններին ասում է՝ թողնեն, ինքը նրանց հետ կգնա: Դուք սա իրավաչափ գործելաո՞ճ եք համարում, չե՞ք կարծում, որ ծառայողական քննություն պետք է սկսվի՝ իրավաչափությունը ստուգելու համար»,- հարցրեց Անի Սամսոնյանը:
Պատասխանելով՝ Արման Սարգսյանն ասաց, որ միանշանակ դրա իրավաչափությունը կստուգվի:
«Այդուհանդերձ, շատ իրավաչափ եմ համարում, քանի որ քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշումը: Այն քաղաքացիները, որ համակեցության կանոնների, համընդհանուր նորմերի և մյուս պահանջների դեմ փորձում են ընդվզել՝ ճիշտ չեն անում: Բնականաբար, եթե այս նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, ով ոչինչ չի արել, ապա ոստիկանության այդ աշխատողն անպայման կպատժվի՝ անմեղ մարդու պատիվն արատավորելու համար: Կարծում եմ՝ այստեղ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը: Այդ քաղաքացու հետ կապված՝ նաև որոշակի տվյալներ ունեմ, ճիշտ չի լինի՝ դրա մասին ես այստեղ բարձրաձայնեմ, բայց հույս ունեմ, որ ոստիկանության աշխատողներն այս ծառայության ընթացքում նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, պետք է ուժ կիրառեն»,- ասաց ոստիկանապետը:
Նա նաև ընդգծեց, որ, երբ ուժ չեն կիրառում, իրենց մեղադրում են, թե մեղմ են, թավշյա են, փափուկ խաղալիք են, իսկ երբ ուժ են կիրառում, ասում են՝ բռնություն են կիրառում:
Ոստիկանապետի պատասխանից հետո միաջամտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե քննարկման բուն թեմայից շեղվում են, քանի որ քննարկում են 2019 թվականի բյուջեի կատարողականը, ինչին ի պատասխան՝ Անի Սամսոնյանն ասաց. «Պարոն Քոչարյան, Դուք իրավունք չունեք ինձ գրաքննելու, կտամ այն հարցը, որը ճիշտ եմ համարում»: