Խոշտանգում՝ վարչապետի բարձր հովանու ներքո
Քիչ առաջ «Անծիվիրուս» ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները մի 5-6 հոգով «ասֆալտին փռում» քաղաքացուն, տեսանկարահանող անձի խոսքով՝ դիմակ չկրելու համար:
Տեսանյութում անզեն աչքով նկատելի է, որ քաղաքացուն ակնհայտ ցավ պատճառելով՝ ձեռնաշղթաներ են հագցնում, ապա, ասես կտանեին շատ վտանգավոր հանցագործի, տանում են, թերևս, երևի թե ոստիկանության բաժանմունք: Եվ միայն ականատես կանանց բարձրացրած աղմուկից հետո ոստիկանության ծառայողները թուլացրին անմարդկային վերաբերմունքը ՀՀ հպարտ քաղաքացու նկատմամբ:
Ոստիկանությունից 168.am-ին ասացին, որ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար վարչական ձերբակալում է իրականացվել, քաղաքացին բերվել է ոստիկանության բաժին, այս պահին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում: Իսկ տեսանյութը ոստիկանությունում անպայման կուսումնասիրվի:
Հետաքրքիր է, ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունն ի՞նչ է հասկանում՝ «քաղաքացին բերվել է ոստիկանության բաժին» ասելով: Ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը, մարդիկ հստակ նշում են, որ դիմակ չկրելու համար են այս «շոուն» բեմադրել:
Հերթական տեսանյութը ոստիկանությունում կուսումնասիրվի, բայց վստահաբար որևէ պատասխանատվություն ոստիկան կոչվածները չեն կրի, քանի որ ունեն ՀՀ վարչապետի բարձր հովանավորությունը:
Ակնհայտաբար այդ տեսանյութի հրապարակումից քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.
«Սիրելի հայրենակիցներ.
Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:
Ասել է թե՝ ինքը տեր է այս խոշտանգմանը: Բնական է ու լրիվ հասկանալի, որ համաճարակի դեմ պայքարը կատարելապես ձախողած և իր ու իր թիմի կործանարար անգործությունը կամ գործողությունները սեփական ժողովրդի վրա բարդող վարչապետը պիտի արձակի ոստիկանության ձեռքերը՝ տոտալ վախի մթնոլորտ տարածելու համար, բայց պատասխանատվությունից խուսափել հաստատապես չի հաջողվելու, եթե ոչ՝ այսօր, գոնե թե՝ վաղը:
Գոհար Սավզյան