Բաժիններ՝

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մենք կիրառել ենք ֆիզիկական ուժ». Ոստիկանապետը՝ ոստիկանության գործողությունների մասին

Ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով՝ Գավառի դեպքերի հետ կապված՝ Գեղարքունիքի արդեն նախկին ոստիկանապետն աշխատանքից ազատվել է, քանի որ պետք է նա կանխատեսեր այդ տարածքի օպերատիվ իրավիճակը:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից երկու օր անց Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Այնուհետև, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արման Սարգսյանն  անդրադարձավ  արտակարգ իրավիճակում ոստիկանության կողմից կատարվող աշխատանքներին, նշեց, որ որևէ պաշտոնատար անձ չի կարող ասել, որ ինքը երբևէ բացթողում չի ունեցել:

«Այս իրավիճակում, իհարկե, ոստիկանությունը բացթողումներ ունեցել է, բայց չեմ կարող չպնդել, որ ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով անում է ամեն ինչ, որպեսզի պարետի որոշմամբ բոլոր պահանջները պատշաճ կատարվեն: Ես պարբերաբար դուրս եմ գալիս մեր ծառայությունները ստուգելու, մեր քաղաքացիները տեսնելով ոստիկաններին՝ դիմակներն իսկույն քաշում են դեմքին, մեր անցնելուց հետո նորից բերանը բացում են: Հիմա ես ուզում եմ այստեղ ոստիկանության մեղավորությունը գտնել, այն դեպքում, երբ մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքին կանգնել կամ ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է»,- ասաց ոստիկանապետը:
Ըստ նրա՝ պետք է ձևավորվի վարքագծի կանոն՝ սկսած իրենից, վերջացրած՝ քաղաքացիներով:

Հարցին՝ այսօր համացանցում հայտնված տեսանյութը փաստում է, որ կա ուժ կիրառելու մասին վարչապետի հրահանգը, արդյո՞ք այդպես են շարունակելու աշխատել, Արման Սարգսյանն ասաց, որ վարչապետի կողմից այդ հրահանգը եղել է միշտ, միևնույն ժամանակ, դա ոչ թե վարչապետի, այլ օրենքի պահանջն է՝ ըստ այդմ, եթե չեն ենթարկվում, ոստիկանությունը կարող է ուժ կիրառել:

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մենք կիրառել ենք ֆիզիկական ուժ»,- շեշտեց ոստիկանության ղեկավարը: Անդրադառնալով  Կապանում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացուն սխալմամբ բերման էին ենթարկել, որի արդյունքում վերջինը տարբեր վնասվածքներ էր ստացել, ոստիկանապետը տեղեկացրեց, որ նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է, որին, բնականաբար, կտրվի իրավական գնահատական:

«Չեմ ուզում այժմ պնդել այն կանխավարկածը, որ այսպես է եղել, կամ այնպես է եղել, կուզեմ, որ այդ ամենին պատասխան տրվի ծառայողական քննությունից հետո, պարզապես կխնդրեմ Քաջարանի դեպքերը չքաղաքականացնեք»,- հավելեց ոստիկանապետը:

Նա նաև տեղեկացրեց, որ ոստիկանության համակարգում կա կորոնավիրուսով վարակված մոտ 100 հոգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս