2019 թվականին պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար. այն ամբողջությամբ կառավարելի է. Ֆինանսների նախարար
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց խորհրդարանականներին, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար, որից Կառավարության պարտքը կազմում է 6 մլրդ 835 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է:
«Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի բաղադրիչը 5 մլրդ 298 մլն դոլար է: Եթե ընդհանուր պարտքի տեսակետից նայենք, ապա պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 53,6 տոկոս, միայն Կառավարության պարտքը՝ 50,6 տոկոս: Պարտքի կառուցվածքն ամբողջությամբ ներկայացված է, յուրաքանչյուր ամիս ավարտվելուց հետո այն պարբերաբար ներկայացվում է, այդ պատճառով էլ ձեռնպահ կմնամ բոլոր մանրամասները ներկայացնելուց»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նախարարի՝ բոլոր այն ցուցանիշներով, որոնցով, որպես կանոն, գնահատվում է որևէ երկրի պետական պարտքը, ինչը հիմնականում գնահատվում է արտաքին պարտքի բաղադրիչով, 2019 թվականի արդյունքներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Հետևաբար՝ համարվում է, որ պարտքն ամբողջությամբ կառավարելի է:
«Այս ամենը մեզ թույլ է տալիս դատողություն անել, որ մենք ունենք որոշակի չօգտագործված պաշար, որն արդեն կարող է իրացվել 2020 թվականին, համավարակով պայմանավորված կարիքները բավարարելու նպատակով, որովհետև Հայաստանն ունի բավարար չափով վարկունակություն և հնարավորություն՝ պարտք ներգրավելու, ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այնպես էլ՝ ներդրողներից,»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին առցանց մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։