«Երեկ 697 դեպք ենք արձանագրել: Մեր առողջապահական համակարգը ճկռում է արդեն». վարչապետ

«Վատ լուրեր ունեմ, համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում»,- առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ մենք մի իրավիճակում ենք, որ առողջապահական համակարգն այլևս չի դիմանում:

«Երեկ արձանագրել ենք 697 դեպք: Ունեցել ենք 6 մահ, ևս 9-ը վարակված են եղել կորոնավիրուսով, բայց բժիշկների կարծիքով՝ այլ պատճառից են մահացել:  Մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն ուղղակի կարող են և արդեն այդ վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել: Խնդիրը բաժանված է երկու մասի: Կան մարդիկ, որոնք ինձ նման կորոնավիրուսով վարակված լինելով, ահա այսպես, իրենց տանն են, կյանքը շարունակում են սովորական ռեժիմով: Մենք՝ ես, Աննան և Մարիամը, երեկ ավելի մանրամասն բժշկական հետազոտություն անցանք, պարզվեց՝ թոքաբորբ չունենք: Հիվանդությունը սովորաբար սիմպտոմներով սկսվելու պարագայում  է բարդանում: Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսի մոտ է հետագայում բարդություններ առաջանում: Այսինքն՝ 10 տոկոս հավանականություն կա, որ մեզ  մոտ կսկսի թոքաբորբ զարգանալ։ Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր, չնայած իրենց մոտ էլ նույն վիճակն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վարակման դեպքերի 75 տոկոսն ասիմպտոմ են, ինչն իրենց խանգարում է, որ իրավիճակի լրջությունը գնահատեն: Ինտենսիվ բուժման կարիք է լինում վարակման դեպքերի միայն 25 տոկոսի դեպքում, բայց որքան վարակման դեպքերը շատանում են, այնքան առողջապահական համակարգը դժվարանում է այդ խնդիրը լուծել:

«Երբ ընդհանուր հիվանդների թիվը 1000 է, 750-ն ասիմպտոմ են, 250 հոգին ծանր՝ խնդիր է առողջապահական համակարգի համար, երբ հիվանդների թիվը 10.000 է, արդեն 2500 են այն մարդիկ, որոնք ինտենսիվ բուժօգնության կարիք ունեն: Մենք եկել-հասել ենք այս եզրին: Մեր առողջապահական համակարգը ճկռում է արդեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ վարակի աղբյուր են հանդիսանում հիմնականում այն մարդիկ, որոնք սիմպտոմներ չունեն և չգիտեն էլ, որ  հիվանդ են: Վարչապետը պատմեց,  թե երբ է իմացել է վարակված լինելու մասին, ոչ մի ախտանշան չի ունեցել, պարզապես հերթական թեստավորման ժամանակ արդյունքը դրական է եղել:

«Ես 15 օրը մեկ պրոֆիլակտիկ թեստ եմ հանձնում, բացի դա, նաև զինվորների հետ  պետք է հանդիպեի: Հիմա ես գիտեմ, որ հիվանդ եմ և ոչ ոքի չեմ վարակի, բայց մեր երկրում կա մոտ 20-25 հազար, գուցե 30 հազար ասիմպտոմ մարդ, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են, շրջապատի մարդիկ էլ չգիտեն:  Այս մարդիկ տրանսպորտի մեջ են, փողոցում են, աշխատանքի վայրում են, շատ կարևոր է, որ բոլորս բոլորիս վերաբերվենք՝ որպես վարակակիր, շփումների ընթացքում կիրառենք կանխարգելիչ միջոցներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է նաև բաց վայրերում, և կոչ արեց բոլորին միանալ իր կազմակերպած  ֆլեշմոբին՝ նկարել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերն ու հանրայնացնել դրանք:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում, և մեզանից յուրաքանչյուրն իրենից կախվածն անի տարածումը կանխելու համար՝ ինքը պահի կանոնները, ուրիշներից պահանջի պահել հակահամաճարակային կանոնները, խախտման դեպքերը հրապարակի սոցցանցի իր էջում: Ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որն արձագանքելու է օնլայն ահազանգերին»:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ   արտակարգ դրության ընթացքում Կառավարության իրականացրած միջացառումներից մեկի շրջանակում 100 մլրդ դրամ աջակցություն է տրամադրվել շահառուներին:

 

Տեսանյութեր

Լրահոս