«Գործ ունենք 2018-ին՝ հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ». վարչապետ
«Վերջին օրերի թվերն ինձ համար հասկանալի չէին». պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պարետատան գործողությունները, որոնք իրենք քննել ու վերաքննել են, պետք է հանգեցնեին կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կրճատման: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը դիմել է հանրությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչն է խնդիրը, և հասկացել է:
«Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, այն է, որ ՀՀ-ում գործ ունենք համակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ: Շատ ընդունված է, որ այսպիսի դեպքերում պետք է քննադատության խոսքեր ասել Ոստիկանության հասցեին, բայց իրավիճակի ուսումնասիրման արդյունքում հասկացա, որ գործ ունենք 2018-ին հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ: Ոստիկանության էֆեկտիվությունը կախված է գործողության ծավալից, կա մի գործողություն, որից ավել աշխարհի ոչ մի ուժային կառույց չի կարող այդ երևույթի դեմ պայքարել: Եթե հանրության մեծամասնության կողմից չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը գտել է նաև այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ մարդիկ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:
«2020թ.-ի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին: 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում, քան 2019-ի նույն ժամանակահատվածում: Մենք հիմա՝ հունիսի 1-ի դրությամբ, 357 մահ պակաս ունենք, քան նախորդ տարի: Ուզում եմ անդրադառնալ երևույթի պատճառներին ու հետևանքներին: Պատճառն այն է, որ չնայած մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, և սա ենթագիտակցական ազդեցություն չի կարող չունենալ: Կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, և այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Ինչո՞ւ են ավելի քիչ մահացել, քանի որ կապված վիրուսի հետ՝ ավելի մեծ թվով քաղաքացիներ են առողջապահական ծառայություններ ստացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց հանրային վերահսկողության թիմի ստեղծման մասին, որի մի մասն է համարում նաև իրեն, և կոչ արեց բոլորին միանալ: Փաշինյանն առաջարկեց շարունակել նկարել այն դեպքերը, որոնց ականատես կլինեն, և ուղարկել իրեն, կամ հրապարակել սեփական ֆեյսբուքյան էջերում:
«Ես համարում եմ, որ մեզ հաջողվեց փոքրիկ, մինի հեղափոխություն իրականացնել, տեսանք կարգապահության փոփոխություն»,- ասաց նա: