«Չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանը բերանը փակ կնստի և կնայի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն «թաղում» իրեն՝ որպես քաղաքական գործիչ»․ Գագիկ Համբարյան
«Նիկոլ Փաշինյանի գործելաոճն այս երկու տարիների ընթացքում ապացուցեց մեկ բան՝ ինքը միշտ փորձում է խուսափել պատասխանատվությունից, դա ոչ մեկի համար արդեն նորություն չէ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀՀ-ում, ամբողջությամբ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը հասարակության լայն շերտերի համար»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Եթե մինչ այս Փաշինյանի գործելաոճն ինքն ու իր թիմակիցները որոշ չափով քողարկում էին՝ այս կամ այն պատճառաբանություններով, ապա հիմա, երբ կորոնավիրուսն ահագնացող տեմպերով տարածվում է ամբողջ երկրով մեկ, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գործող իշխանություններն ամբողջությամբ տապալել են իրենց, այսպես ասած՝ հակաճգնաժամային քաղաքականությունը։ Արդեն հասարակության լայն շերտերն ուղղակիորեն առնչվեցին Նիկոլ Փաշինյանի բնավորության այդ գծի հետ, երբ ինքը վախկոտ գործչին բնորոշ քաղաքականություն է դրսևորում և փորձում է ամեն ինչում մեղադրել ժողովրդին այն դեպքում, երբ բոլոր նորմալ քաղաքական գործիչներին դա բնորոշ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը պարետ նշանակեց իր տեղակալին։
«Բոլոր երկրներում ամբողջ պատասխանատվությունը կրում է երկրի ղեկավարը, իսկ մեզ մոտ պարետատան ղեկավար նշանակվեց Տիգրան Ավինյանը։ Սա ինչի՞ համար ինքն արեց, որպեսզի վաղը-մյուս օրն ամբողջ տապալված գործընթացի համար ինքը մեղադրի պարետատան ղեկավարին և այլ նախարարների, բայց ոչ իրեն։
Նիկոլ Փաշինյանը շատ կանխատեսելի պրիմիտիվ է․ ինքը մտածում է, թե բարդ քայլեր է անում և դրանով հասարակությանն ինչ-որ բաներ փորձում ապացուցել, այնինչ իր քայլերն աննկարագրելի պրիմիտիվ են, և բոլորն էլ հասկանում են դա։ Եթե պարետատունն արձանագրում է հաջողություններ, պարոն Փաշինյանը դրանք իրեն է վերագրում, որովհետև ինքն է երկրի վարչապետը, և չնայած այն հանգամանքին, որ կա պարետատուն, ինքը մեզ լայվախեղդ արեց։ Իսկ երբ պարետատունը ձախողվում է, ինքը հիմա շատ հանգիստ կարող է ամբողջ պատասխանատվությունն Ավինյանի և մի քանի նախարարների վրա բարդել և ասել՝ ես ի՞նչ մեղավոր եմ, իրեն եմ նշանակել պարետատան ղեկավար, և ինքն է ամբողջությամբ ձախողել։ Բայց այլ խնդիր կա՝ ինքը հաշվի չի առել մի հանգամանք, որ պարետատան ղեկավարը կարող է խոսել և բավականին մեծ խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար՝ չցանկանալով դառնալ Նիկոլ Փաշինյանի քավության նոխազը»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանը կխոսի, նա պատասխանեց․ «Եթե գործը հասնի այն մակարդակին, թե ով է մեղավոր Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և ամբողջ հակաճգնաժամային պայքարի տապալման համար, իհարկե, չեմ կարծում, որ երիտասարդ Տիգրան Ավինյանը բերանը փակ կնստի և կնայի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն իրեն «թաղում»՝ որպես քաղաքական գործիչ։ Ես չեմ բացառում դա, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վաղուց լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվում, որ Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հարաբերությունները սրված են։ Ես չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանը թույլ տա, որ իրեն դարձնեն քավության նոխազ և ամբողջ ժողովրդի առաջ դարձնեն միակ մեղավորը։ Կորոնավիրուսի տարածման տեմպերն ու մահացությունները խայտառակ մեծ ցուցանիշ են կազմում՝ հաշվի առնելով մեր բնակչության թվաքանակը, սա աղետ է մեզ համար և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունները բացարձակ չեն տիրապետում իրավիճակին։ Կառավարության բոլոր ծրագրերը տապալված են»։