«Եթե իշխանությունը ճիշտ ժամանակին քայլեր ձեռնարկեր, այսօր չէինք ունենա նման ողբերգական վիճակագրություն». Սիրանուշ Սերոբյան
Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, կորոնավիրուսով վարակվածների թվի աճի, նման իրավիճակի պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարչակազմի հետ:
«Եթե իշխանությունը ճիշտ ժամանակին քայլեր ձեռնարկեր, մենք այսօր չէինք ունենա նմանատիպ ողբերգական վիճակագրություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:
Ըստ Սիրանուշ Սերոբյանի՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ամրապնդեց այն, որ գործող իշխանություններն ի զորու չեն կառավարում իրականացնել. «Ոչ միայն նրանց կոմպետենտությունը բավարար չէր՝ կառավարում իրականացնելու, այլ նաև նրանք չունեին այն գործիքակազմը, որով կարող էին կազմակերպել, օրինակ՝ ճիշտ արտակարգ դրություն, ճիշտ արձանագրում իրականացնել, պլանավորումը ճիշտ կազմակերպել: Օրինակ՝ մենք հիմա կանգնել ենք մի խնդրի առաջ, երբ առողջապահության նախարարը խնդրում է բժիշկներին, որպեսզի նրանք կամավոր կերպով մասնակցեն առողջապահական գործընթացներին: Սա գալիս է ապացուցելու, որ մեր կառավարությունն իր տեղում չի գտնվում, և նախարարությունը տապալել է այս գործընթացը»:
Հանրային կառավարման մասնագետը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իր թերությունները բարդում է նախկին իշխանությունների վրա. «Ովքեր այս պահին նրան ընդդիմախոս են, ապա, ըստ Փաշինյանի՝ դեմ են Հայաստանի զարգացմանը կամ ոչ պետականամետ գործիչ են, բայց հակառակը՝ այն քաղաքացիները, ովքեր ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանին, ուզում են, որ իրականում քայլեր ձեռնարկվեն՝ այս իրավիճակից դրական ելքերով դուրս գալու համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում