«Շանտաժով ինձ լռեցնելը հարիր չէ հեղափոխական արժեքներ դավանող վարչապետին». Անի Սամսոնյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր քաղաքական դերակատարը, թողած երկրի կարևոր խնդիրները, որոշել է զբաղվել կին ընդդիմադիր գործչի անձնական կյանքով և վրեժ լուծել այն բանի համար, այդ կինը հարց հնչեցրեց Ղալումյանների ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ, քանի որ այս ընտանիքի հետ կապակցված մարդիկ կատարել են գործարքներ, առերևույթ ներքաշված եղել չարաշահումների մեջ, որոնք անմիջական առնչություն ունեն կոռուպցիայի հետ, ու այս մասին հարցին ի պատասխան՝ վարչապետը սպառնում է, որից կարճ ժամանակ անց իշխանական թերթում հրապարակվում է այդ հայտնի հոդվածը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ իրեն նախկին ամուսնու իրականացրած գործարքների հետ կապելու մասին հոդվածին որևէ կերպ այլևս չի պատրաստվում անդրադառնալ, քանի որ իր համար ակնհայտ է հետևյալը.
«Իմ անձնական անհաջողության և նախկին ամուսնուս ձախորդության վրա պարոն վարչապետը սկսեց ինձ հեղինակազրկելու գործընթաց, սակայն ես ամեն ինչի պատրաստ եմ։ Շանտաժով ինձ լռեցնելը հարիր չէ հեղափոխական արժեքներ դավանող վարչապետին, որը խոսում է քաղաքական բանավեճի մակարդակի մասին, բայց ցույց է տալիս հակառակը»։
Ինչ վերաբերում է իշխանության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջև վերջին շրջանում առկա լարվածութանը, ապա դրա պատճառը, ըստ Սամսոնյանի, իրենց խմբակցության ներկայացրած հայտն է։
«Երբ իշխանությունն ասում է՝ կա՛մ ես եմ լինելու, կա՛մ նախորդները, մենք դրան ի պատասխան՝ հայտարարում ենք՝ ո՛չ դուք եք լինելու, ո՛չ էլ նախորդները. հաջորդ իշխանությունը «Լուսավոր Հայաստանն» է լինելու, իսկ այդ հայտարարությունը իշխանությունը չի ներում մեզ, մեր այդ ցանկությունը դուր չի եկել նրանց, ու որոշել են, որ պետք է մեզ հետ այսպես վարվեն»,- ասաց Սամսոնյանը։
Իշխանության գալու իրենց համար նախանշված ժամկետների մասին Անի Սամսոնյանն ասաց, որ այս փուլում արտահերթ զարգացումների մասին խոսելը նշանակում է՝ զարկ տալ կեղծ օրակարգերին։
«Եթե Փաշինյանը չէ վարչապետը, ապա ո՞վ է, չէ՞ որ նրան փոխարինող չկա այդ թիմում։ Եթե մենք հիմա դժգոհ ենք Փաշինյանից, և իսկապես դժգոհ ենք, ապա նշանակում է՝ առաջարկում ենք վատին վատագույնով փոխարինել, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ որակ ունի այդ քաղաքական մեծամասնությունը։ Չկա այնպիսի մեկը, որը հիմա կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին, ուստի արտահերթ զարգացումների մասին խոսելը ժամանակի վատնում է»,- ասաց Անի Սամսոնյանը։
Ըստ պատգամավորի՝ թեև վարչապետի հրաժարականի պահանջն արհեստական է, սակայն ակտուալ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի պահանջը։
«Արսեն Թորոսյանի հրաժարականի հարցը պետք է դրվի, որովհետև նա իրեն պահում է ոչ թե՝ որպես առողջապահության նախարար, այլ՝ որպես Առողջապահական համաշխարհային կամակերպության ներկայացուցիչը Հայաստանում»,- նկատեց պատգամավորը։
Պատգամավորի համոզմամբ՝ թեև Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը, սակայն իշխանությունն ու նրա առաջ բերած օրակարգերը կապ չունեն երկրում ընթացող զարգացումների հետ։
«Օրինակ՝ երբ արտակարգ դրություն հաստատվեց, մենք հարց բարձրացրեցինք, որ համավարակի հետ կապ չունեցող օրակարգային հարցերը չպետք է բերվեն ԱԺ, պետք է հավաքվել նիստերի դահլիճում միայն համավարակի հետ կապված հրատապ հարցեր քննարկելու համար, նույնն ասում ենք նաև այսօր, բայց տեսեք, թե այս պայմաններում ինչ օրակարգ է բերել իշխանությունը՝ դա համավարակի հետ կապ չունի։ Իշխանությունը հենց սկզբից պետք է մտներ համավարակի թելադրած օրակարգի մեջ, որպեսզի աշխարհում էլ մեզ լուրջ վերաբերվեին, սակայն այդպես չարեց։ Իշխանությունը, պարետատունը, խորհրդարանը ևս չեն կատարել համավարակից բխող առաջնային քայլերը, ինչը պատճառ դարձավ այն իրավիճակի, որը մենք ունենք հիմա»,- ասաց Սամսոնյանը։
Ի տարբերություն իշխանության օրակարգի, որում իր առանցքային տեղն ունի համավարակի ժամանակ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, կամ 16 միլիարդ դրամով նոր ոստիկանական համակարգի ստեղծումը, Անի Սամսոնյանը փոխանցեց, որ իրենց օրակարգում դրված է հարցը, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց այս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում բարձրացնել գույքահարկը։
«Մեր օրակարգում է նաև ևս մեկ նախարարի անվստահություն հայտնելու մասին հարցը։ Այս պահին անուն չեմ տա, սակայն նշեմ, որ հարցապնդում ենք մշակում։ Այն բավականին ծավալուն է, իսկ դա նշանակում է, որ այդ նախարարն այնքան չի աշխատել, որ հարցապնդումն այդքան ծավալուն է։ Մենք պետք է շատ արագ այդ նախարարի հարցը լուծենք, քանի որ նրան վստահված է շատ կարևոր և ռազմավարական ոլորտ»,- ասաց Սամսոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում