«Ահազանգում են բժիշկները. ՀՀ-ն այլևս նշված է կարմիր գծով՝ որպես ամենավտանգավոր երկիր վարակի առումով». Նաիրա Զոհրաբյան

«Ցանկացած բարեփոխում, հատկապես՝ ոստիկական համակարգում, միանշանակ կարևոր է և ընդունելի, քանի որ տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում ոստիկանական համակարգում»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը հրատապ ռեժիմով ընդունելու հարցին:

Նա ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի ոստիկան պետք է ունենա Հայաստանը, ոստիկան, որը մարդուն բերման է ենթարկում «ճանկռտելո՞վ», հետո հայտնում, թե մեքենայի մեջ քաղաքացին ինքն իրեն կծել է, թե՞ այլ կերպարով ոստիկան:

«Որպեսզի մեր օրենքները չդառնան մեռելածին, մենք պետք է կարողանանք սկսել այնտեղից, որտեղից պետք է սկսենք: Այո, մենք լրջագույն կրթական ծրագրեր պետք է իրականացնենք այն մարդկանց համար, որոնք ունակ են և կարող են իրականացնել կարևորագույն առաքելություն»,- հավելեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ ընդգծեց, որ կորոնավիրուսով վարակված անձանց թվով այսօր կա աղետալի վիճակագրություն՝ մեկ օրում 517  վարակված, 19 մահ:

«Հիմա ես չեմ ուզում ասել, թե այս ամենն ինչի արդյունք է, նաև չեմ ուզում ասել, որ մենք շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք: Բայց ահազանգում են բժիշկները, ահազանգում են ամեն օր. Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր և ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս