Գազի գնի բարձրացումն ազգային անվտանգության հարց է. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ոչ թե՝ բուն օրինագծի վերաբերյալ, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ՝ որպես հրատապ հարց, անդրադարձավ գազի սակագնին:
«Երեկ հայտնի դարձավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը և ներկայացրել է սեփական առաջարկությունները: Դրանց համաձայն՝ Հայաստանում բնական գազի գնաճը կկազմի 4,5 տոկոս: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահով խավին մատչելի գնով գազի տրամադրումը, որի արդյունքում գազը նրանց համար շուրջ 36 տոկոսով կթանկանա»,- նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ այս ամենով Հայաստանը կրկին կանգնում է գազի սակագինը փոփոխելու խնդրի առջև, ընդ որում, խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի գինը:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի համար գազի սակագինը բարձրանում է, մինչդեռ Ռուսաստանը եվրոպական երկրի համար նվազեցնում է մատակարարվող գազի գինը:
«Սա Ռուսաստանի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայատորեն ունի ոչ թե՝ տնտեսական, այլ՝ բացառապես քաղաքական բաղադրիչ»,- հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում