Թուրքիայում 209 մտավորական դատապարտել է Դինքի կնոջն ուղարկված սպառնալից նամակը

Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Հայտարարության տակ ստորագրած մտավորականները հայտնել են, որ երբեք չեն ընդունում այն հասկացությունը և գերակշիռ դեր ունեցող այն հասարակարգը, որը փոքր երեխային մարդասպան է մեծացնում։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Նկատում ենք, որ վերջերս իրարահաջորդ սադրիչ հարձակումներն անհատական բնույթ չունեն և սնուցվում են վրեժ ու ատելություն պարունակող խոսքերից, որոնք անպատասխանատու կերպով օգտագործվում և տարածվում են լայն զանգվածների մեջ։ Հասարակության մեջ խտրականություն դնող լեզուն և վարքագիծը վնասաբեր և պառակտիչ են։ Ժողովրդին ճամբարների և խմբերի են բաժանում և փչացնում հարաբերությունները իրար միջև»։

Նշվում է, որ նման բևեռացումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Այդ լեզուն և վարքագիծն ընդունողները պետք է հասկանան, որ իրենց նույնպես բևեռացնում են։ Մտավորականները կոչ են արել հրաժարվել այդպիսի վարք դրսևորելուց, շեշտելով, որ Թուրքիայում ապրողները հավասար իրավունքներ ունեցող մարդիկ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930