Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա խնամակալ կդառնա հորաքույրը. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար

Երեկ հայտնի դարձավ, որ մարտին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը, որ երկար ժամանակ բուժում էր ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, պատրաստ է դուրսգրման: Ավելի վաղ մեզ հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն ասել էր, որ նրա դուրսգրումը կապված է նաև խնամակալության հարցի լուծման հետ:

168.am-ը կապ հաստատեց Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Նելլի Սարգսյանի հետ: Նա մեզ  հայտնեց, որ Նազելին այսօր արդեն խնամակալ կունենա:

«Հորաքույրն է լինելու խնամակալը: Մենք երկար զրույց ունեցանք հորաքրոջ հետ, և այսօր խնամակալության նիստում կքննարկվի այդ հարցը: Մինչև հիմա չէր քննարկվում, որովհետև խնամակալության հետ կապված փաստաթղթեր էր հավաքում հորաքույրը, կբերի-կներկայացնի, հանձնաժողովը կլսի ու կհաստատի»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ ավելի վաղ հորաքույրը հրաժարվել էր ստանձնել Նազելիի խնամակալությունը: Հանձնաժողովի քարտուղարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նազելին ապրելու է Գյումրիում, ինչպես ցանկանում է.

«Հորաքույրը տուն է վարձակալել, օգնելու ենք վարձի հետ կապված հարցերը լուծել: Ապրելու են հորաքույրը, եղբայրը՝ Ռուդիկը և Նազելին: Նազելին ուզում է անպայման եղբոր հետ ապրել»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ չափահաս դառնալուց հետո Նազելիի եղբայրը ստանձնի նրա խնամակալությունը, Նելլի Սարգսյանը պատասխանեց, որ նման հարց հիմա չեն ուզում քննարկել։

«Այս պահին հորաքույրը համաձայնել է։ Սեպտեմբերին, երբ Ռուդիկի 18 տարին լրանա, այդ ժամանակ այդ հարցը նորից կքննարկվի՝ կարծում եմ»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Գյումրիում 28-ամյա տղամարդը ծեծել էր 43-ամյա կնոջը և նրա 13-ամյա դստերը: Կինը մահացել էր, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան: Տղամարդը կալանավորված է: Ըստ ոստիկանության՝ դեպքը կատարվել էր կենցաղային վեճի և խանդի հողի վրա։ Դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հիմքով՝ անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու համար: Ապրիլի 3-ին Նազելիին այցելության էր եկել Ռուսաստանում բնակվող եղբայրը: Նրանք իրար երկար տարիներ չէին տեսել: Այլ հարազատներ այս ընթացքում նրան չեն այցելել: Գյումրի քաղաքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի որոշմամբ ծնողազուրկ դարձած քույրն և եղբայրն օրենքով սահմանված կենսաթոշակային գումար կստանան:

Տեսանյութեր

Լրահոս