Բաժիններ՝

Առավել վտանգված որմնանկարները կվերականգնվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առավել վտանգված որմնանկարների ցանկ է կազմելու, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Նախարարության կողմից ներկայացված ծրագրի համաձայն ՝ ներկայում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված է 24 244 հուշարձան, որոնցից 124-ը պարունակում են որմնանկարներ: Եվս 22 որմնանկար պետական ցուցակներում ընդգրկված չեն (որոնցից փորձագիտական քննություն են անցել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացել 4-ը):

«Վերջին տարիներին որմնանկարների պահպանության հետ կապված խնդիրները դարձել են առանձնակի քննարկման առարկա, ուստի որմնանկարների պահպանության, փաստավավերագրման, ուսումնասիրության, վերականգնման, ամրակայման հետ կապված խնդիրները հստակեցնելու, դրանց համակարգված ու նպատակային լուծելու համար նպատակահարմար ենք գտնում սույն ծրագրի իրականացումը, ինչը կարևոր նախապայման կարող է հանդիսանալ որմնանկարների պահպանության պայմանների բարելավման ուղղությամբ համալիր ծրագրերի մշակման և իրականացման համար:
Ներկայացվող առաջարկը հրատապ է ու արդիական, համահունչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող մշակութային ժառանգության պահպանության ոլորտում որդեգրած քաղաքականությանը»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

«Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների փաստավավերագրումը, կստեղծվի որմնանկարների պահպանվածության վիճակին նվիրված գիտատեղեկատվական շտեմարան, կնպաստի որմնանկարների պատշաճ պահպանությանը, վերականգնմանը և հանրահռչակմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս