«Քաղաքացի Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է». Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ՝ Կառավարությունն արդեն ներդրած սոցիալական աջակցության ծրագրերում լրջագույն փոփոխություններ անելու կարիք ունի, քանի որ արդեն երկրորդ արտակարգ դրության ժամկետն է լրանում, սակայն քաղաքացիներն այդ ծրագրերի շահառու չեն կարողանում դառնալ, որովհետև դրանք հասցեական չեն:

Ըստ Սամսոնյանի՝ այն, որ Կառավարության ընդունած ծրագրերը ոչ հասցեական են և չեն հասնում քաղաքացուն, լավագույնս արտահայտվեց երեկ, երբ Կառավարության շենքի դիմացից ոստիկանությունը բերման ենթարկեց Միքայել Մարգարյան անուն-ազգանունով քաղաքացուն, որն ակցիա էր իրականացնում և խնդրում չանջատել իր տան հոսանքն ու գազը:

«Քաղաքացի Միքայել Մարգարյանը կառավարության շենքի մոտ էր եկել, որպեսզի իր բողոքն արտահայտի առ այն, որ իրեն ստիպում են վճարել կոմունալները։ Քաղաքացի Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է»։

Եվ Միքայել Մարգարյանը, որ զբաղվում է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, չի կարողանում իր գործով զբաղվել, ասաց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ նրա բիզնեսը միակը չէ, որի վրա ազդել է արտակարգ դրությունը։ Ապա դառնալով իշխանական թևը ներկայացնող պատգամավորներին՝ հորդորեց.

«Հարգելի՛ իշխանության պատգամավորներ, եթե մյուս անգամ որևէ քաղաքացու բերման ենթարկեն ՀՀ ոստիկանություն, գնացեք այդ քաղաքացու հետևից և բացատրեք ձեր հասցեական քաղաքականությունը և չմոռանաք ձեզ հետ տանել փոխխոսնակ և 100 հազար դրամը որպես աջակցություն քաղաքացիներին տալը էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին. չնայած կարող եք և չտանել, նրան նույնիսկ սեփական թիմում  լուրջ չեն ընդունում, էլ ուր մնաց՝ մենք և ժողովուրդը լուրջ ընդունի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս