«Պետք է ինչ-որ կերպ օգնենք, որ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մարդիկ այդ վիճակից դուրս գան՝ գոնե օրվա հացի խնդիրը լուծեն». Օձունի համայնքապետ
Լոռու մարզի Օձուն համայնքում ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, որոնք նախկինում ևս եղել են, բայց համավարակի հետևանքով այսօր վիճակն ավելի է բարդացել:
Համայնքի ղեկավարը դժվարանում է հստակ թիվ նշել, թե քանի ընտանիքներ են հայտնվել ծանր իրավիճակում:
«Վատ վիճակում գտնվող ընտանիքները շատ են, որոնց նպաստի կամ փոխհատուցման ձևով՝ Կառավարության ներկայացրած ծրագրերի առումով, որևէ բան հասավ՝ հասավ, թե չէ, գյուղատնտեսական վարկերի առումով՝ համոզված եմ, որ դրանից բնակչության մեծ մասը չեն կարողանալու օգտվել, որովհետև դրա հնարավորությունը չունեն: Այս պահին այդ մարդկանց հնարավորինս օգնելու խնդիր կա, մինչև այս վիճակից դուրս գանք: Այս պահին նրանց ընդամենը կոչ եմ անում զբաղվել գյուղատնտեսությամբ, գոնե իրենց տնամերձ հողատարածքում որևէ գյուղատնտեսական կուլտուրա մշակեն, քանի որ համոզված եմ՝ աշնանը պարենի հետ կապված մեծ դժվարություններ են լինելու: Իսկ մինչ այդ պետք է ինչ-որ կերպ օգնենք, որ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մարդիկ այդ վիճակից դուրս գան, գոնե օրվա հացի խնդիրը լուծեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելն այդքան էլ հեշտ գործ չէ, այն մարդիկ, որոնք ամեն տարի զբաղվում են գյուղատնտեսությամբ, նախապես արդեն ունեն իրենց սերմացուն, հողատարածքը նախապես պատրաստել են ցանքսի համար, բայց բոլորին ասել՝ գնացեք գյուղատնտեսությամբ զբաղվեք՝ հեշտ չէ, քանի որ շատերը սերմացու չունեն, չեն պատրաստվել.
«Այս պահին միակ խորհուրդը որ տալիս եմ, այն է, որ գոնե իրենց տնամերձ հողամասերում քիչ քանակությամբ կարտոֆիլ, բանջարաբոստանային այլ գյուղմթերք աճեցնեն: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդիրներին, ապա համայնքում 2 հազար հեկտար հող ինքնահոս ջրով է ոռոգվում, նախորդ տարիներին ոռոգման խնդիր չենք ունեցել, հույս ունեմ՝ այս տարի էլ խնդիր չի լինի, որովհետև նախորդ տարիները ցույց են տվել, որ ոռոգումը կարողանում ենք նորմալ կազմակերպել»:
Նրա խոսքով՝ համայնքապետարանը համայնքի բյուջեից սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար աջակցություն է տրամադրում, բայց համայնքապետարանն էլ ֆինանսական լավ վիճակում չէ, քանի որ հարկերի հավաքագրումը, երկու ամիս է, դադարեցվել է, սրանով հանդերձ՝ աշխատում են, որ գոնե մի քանի ընտանիքների տրամադրեն սոցիալական աջակցություն:
Արսեն Տիտանյանը նաև ընդգծեց, որ շատ ընտանիքներ կան, որոնք դժվարանում են վճարել նաև կոմունալները: