Շտապ պահանջվում է ցանկալի տնօրեն
Ինչպես հայտնի է՝ Երևանի քաղաքապետարանը երկրորդ անգամ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ է հայտարարել:
168.am-ի տեղեկություններով` խնդիրը ներկայիս տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանի և քաղաքապետի տիկնոջ տարաձայնություններն են, ինչի պատճառով քաղաքապետի կինը տնօրենին տեղեկացրել է, որ վերջինս պետք է դիմում գրի և հեռանա:
Քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ՝ Իվայի չկատարված հրահանգից հետո, Մարությանը ջանք չի խնայում հեռացնել Բեգոյանին այդ պաշտոնից:
Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի ապրիլի 10-ին ստորագրած 1423-Ա փաստաթղթից, մրցույթը կանցկացվի 2020թ. ապրիլի 27-ին…
Փաստորեն, արդեն երրորդ անգամ:
Ըստ էության, քաղաքապետ Հայկ Մարությանի համար խիստ կարևոր է ամեն գնով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր տնօրեն ունենալը, որ քաղաքապետն անգամ անտեսում է երկրում հայտարարված արտակարգ դրության հանգամանքն ու համաճարակի տարածման վտանգը:
Անվիճելի է, որ անհանգստացնող է նման պայմաններում մրցույթ հայտարարելն ու մարդկանց առողջությունը վտանգելը, բայց քաղաքապետի համար, թերևս, իր առողջությունից ու ամբիցիաներից առավել կարևոր բան կարծես թե չկա:
Նախատեսվող մրցույթի վերաբերյալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումն իրական զավեշտ է այն առումով, որ քաղաքապետարանը փորձում է համեմատականներ անցկացնել իրարից տարբեր երկու կազմակերպությունների միջև:
Որոշման մաս են կազմում հենց իրենց իսկ անհետևողականության պատճառով թերակատարված ծախսերն ու չիրագործված աշխատանքները:
Պակաս զավեշտալի չէ նաև (վերջնականորեն ձևավորված գործադիր մարմնի առկայության) պահանջն այն դեպքում, երբ քաղաքապետարանում հիմնականում ժամանակավոր պաշտոնների արքայություն է, այն դեպքում, երբ ժ/պ-ներ կան, որոնք արդեն տարուց ավելի են պաշտոնավորում:
Որոշման մեջ նշված է նաև աշխատանքների սեզոնայնությունը և մտավախությունն այն ձգձգելու կամ չհասցնելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ակներև են մայրաքաղաքի ողջ տարածքով մեկ իրականացվող կանաչապատման աշխատանքների ահռելի ծավալներն ու արդիական մոտեցումները:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ քաղաքապետն իր առողջության մասին մտածելով` կտրել է կապն արտաքին աշխարհի հետ և չի տիրապետում իրավիճակին, կամ մրցույթը հայտարարված է սեփական ամբիցիաները բավարարելու համար, որպեսզի ներկայիս տնօրենից ազատվի:
Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ նույն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված էր ևս մեկ մրցույթ, որը կասեցվեց դատարանի որոշմամբ: