Ինչո՞ւ է Հայկ Մարությանը ՀՈԱԿ-ի տնօրենի «հրատապ» մրցույթ հայտարարել
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ: Այո, այո, հրատապ ու արդեն երկրորդ անգամ:
Ստացվում է, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքապետարանը, իհարկե քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, չունի ավելի լուրջ անելիք, քան տնօրենի համար մրցույթ հայտարարելն ու տնօրեն փոխելը:
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, խնդիրը նրանում է, որ ներկայիս տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանը, տարաձայնություններ է ունեցել քաղաքապետի տիկնոջ հետ, որից հետո էլ քաղաքապետի կինը տնօրենին տեղեկացրել է, որ պետք է դիմում գրի և հեռանա:
Քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ՝ Իվայի չկատարված հրահանգից հետո, Մարությանը ջանք չի խնայում հեռացնել Բեգոյանին այդ պաշտոնից: Քաղաքապետն անգամ անտեսում է երկրում հայտարարված արտակարգ դրության հանգամանքն ու համաճարակի տարածման վտանգը:
Այս օրերին պարետատունն ու գրեթե բոլոր գերատեսչություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, անում հնարավոր ամեն բան համաճարակը կանխարգելելու համար, իսկ քաղաքապետը պատրաստվում է մրցույթ անցկացնել՝ վտանգելով մարդկանց առողջությունը:
Ինչպես հայտնի է, և մամուլում էլ բազմիցս գրվել է, որ Հայկ Մարությանի կինը վերածվել է խորհրդականի, և նրան հաճախ կարելի է տեսնել քաղաքապետարանում: Նա քաղաքապետարանում «որոշիչ» միջամտություն է ունենում քաղաքային կառավարման, նշանակումների, մրցույթների կազմակերպման և այլ հարցերում, ինչը դուր չի գալիս ավագանու անդամներին։ Ավելին, ըստ հրապարակումների, ավագանին այդ թեմայով քննարկում է կազմակերպել Մարությանի հետ։
Հայկ Մարությանը լրագրողներին մի առիթով ասել էր, որ իր կինը ոչ թե աշխատում է քաղաքապետարանում, այլ օգնում է մի շարք հարցերում։
Հարցին, թե կնոջ հարցով նիստ եղե՞լ է, Մարությանը պատասխանել էր, որ նիստերի մասին չի կարող ոչինչ ասել, քանի որ կան բաց նիստեր, որոնց մասին հանրությունը տեղյակ է լինում, և կան փակ նիստեր։ Դիտարկմանը, որ ավագանու որոշ անդամներին դա դուր չի գալիս, Մարությանը պատասխանել էր` ուրեմն նման մարդիկ խնդիրներ ունեն Երևանի հետ։
Լուսանկարը՝ «Sputnik Արմենիայի»