«Չեմ պատրաստվում մտնել այն գործի մեջ, ինչի մեջ Նիկոլ Փաշինյանն առանց վարանելու իր երեխաներին է մտցրել». Նարեկ Սամսոնյան
«Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» քաղաքացիական հայցով վաղը նշանակված դատական նիստը, չնայած երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը, հավաբանար կկայանա:
168.am-ի հետ զրուցում դատավարության կողմերն ասացին, որ նիստը հետաձգելու միջնորդություն մինչ այս պահը դատարան չեն ներկայացրել:
«Ես այս պահի դրությամբ չունեմ միջնորդություն, որը կարող ենք ներկայացնել, որ հետաձգվի: Բայց դա չի բացառում, որ նման միջնորդություն ի հայտ կգա: Այս պահի դրությամբ դեռ չունենք նման միջնորդություն: Եվ եթե ոչ մի բան չպատահի, մյուս կողմը միջնորդություն չներկայացնի, կամ դատարանը նիստի չներկայանա, որովհետև ունենք դեպքեր, երբ կորոնավիրուսի հետ կապված՝ դատավորներն ինչ-որ որոշակի զգուշավորություն են ցուցաբերում, ենթադրվում է , որ նիստը պետք է տեղի ունենա»,- 168.am-ին ասաց Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն էլ 168.am-ին ասաց, որ նիստը հետաձգելու միջնորդություն չեն ներկայացրել:
«Ինձ թվում է՝ նիստը կկայանա, բայց ես, բնականաբար, չեմ լինի, կլինի իմ փաստաբանը: Ես ասել եմ այդ գործի նկատմամբ իմ վերաբերմունքը: Չեմ պատրաստվում մտնել այն գործի մեջ, ինչի մեջ Նիկոլ Փաշինյանն առանց վարանելու իր երեխաներին է մտցրել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ ներկայացրած հայցով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սամսոնյանին հրապարակայնորեն հերքել Շուշան Փաշինյանի հասցեին հրապարակված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները։
2020 թվականի հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։
Այդ գրառումից հետո Ն. Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու հատկանիշներով: