«Այդ փուլային տարբերակը ոչ այլ ինչ է, քան Արցախի պետականության ապամոնտաժում․ չի կարող փաստաթուղթ լինել»․ Դավիթ Բաբայան
«Այստեղ մի նրբություն կա, որ մենք պետք է շատ լավ պատկերացնենք և միշտ տարանջատենք։ Չեմ կարծում, որ կա ինչ-որ պատրաստի փաստաթուղթ և դրա շուրջ բանակցություններ են գնում։ Չի բացառվում, որ քննարկվել են ինչ-որ հարցեր, որովհետև եթե անգամ Ադրբեջանն ամենաանհեթեթ հարցն է բարձրացնում, նույնիսկ դրա մերժումը արդեն նշանակում է քննարկում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է․ «Ներկայումս բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում»։
Դավիթ Բաբայանը նկատեց․ «Այն, ինչ Ադրբեջանն է ուզում, այդ փուլային տարբերակը ոչ այլ ինչ է, քան Արցախի պետականության ապամոնտաժում։ Սա են նրանք ուզում։ Այդ փուլային տարբերակի մեջ կարող է այլ փիլիսոփայություն լինել, օրինակ՝ փաթեթ առ փաթեթ կարգավորվեն տարբեր հարցեր, օրինակ՝ առաջին փուլը թող լինի այն, որ պետությունները միմյանց անկախություն ճանաչեն, հրաժարվեն ուժի կիրառումից և այլն։ Մենք ոչ թե դեմ ենք փուլայինին, մենք դեմ ենք այն փիլիսոփայությանը, որը դրվում է Ադրբեջանի կողմից այդ փուլային տարբերակի մեջ։ Իսկ Ադրբեջանի փիլիսոփայությունը Արցախի պետականության ապամոնտաժումն է, ոչ թե տարածաշրջանում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում»։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով՝ չի կարող որևէ փաստաթուղթ լինել․
«Փաստաթուղթը նշանակում է, որ պետք է այն լինի բոլորի կողմից ընդունելի, իսկ այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, որովհետև նախ և առաջ նման մոտեցումն ընդունելի չէ, երկրորդ՝ դա հնարավոր չէ, քանի որ տրամաբանական չէ»։