««Վնգստացող» դատավորների մասին վարչապետի հայտարարությունը պետական հանցագործություն է՝ թեկուզ հայտարարության տեսքով». Ստեփան Դանիելյան
Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին անդրադարձավ պետական համակարգում աշխատող այն մարդկանց, որոնք մնացել են նախորդ իշխանությունից, անուններ չտալով, վարչապետը նշեց, որ նրանք հատ առ հատ դուրս են շպրտվելու համակարգից:
Նա խոսեց նաև լրատվամիջոցներից, Սահմանադրական դատարանից և «վնգստացող» դատավորներից:
«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկը չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասաց վարչապետը։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարություններին՝ նշեց, որ նման մերկապարանոց հայտարարություններ դեռ շատ են հնչելու, քանի որ նախկինում իրականացրած շոուներն այլևս չեն աշխատում, ավելին՝ վարչապետը լավ տեղյակ լինելով իր վարկանիշի մասին, որի վերաբերյալ, անշուշտ, իրականացրել են հարցում, բորբոքվել է և որոշել, որ վերսկսում է նման հայտարարություններով հանդես գալը:
Ինչ վերաբերում է «վնգստացող» դատավորներին, Ստեփան Դանիելյանն ասաց, որ այս երկու տարվա ընթացքում վարչապետին չի հաջողվում ազատվել ոչ ցանկալի դատավորներից, քանի որ այդ քայլն անելու համար նրան խանգարում են օրենքները և Սահմանադրությունը:
«Վարչապետի ելույթը «վնգստացող» դատավորների մասին, որ նրանք իրենց իրերը պետք է հավաքեն և գնան, սա պետական հանցագործություն է՝ թեկուզ հայտարարության տեսքով: Գործադիր իշխանության ղեկավարն ուղղակի իրավունք չունի նման կերպ խոսել իշխանության մյուս ճյուղի ներկայացուցիչների մասին, առավել ևս՝ տալ որակավորումներ ու ասել՝ նրանք լավն են, կամ՝ վատը:
Այս ամենի համար կան հատուկ մեխանիզմներ, այստեղ իշխանության մի ճյուղը հարձակվում է իշխանության մեկ այլ ճյուղի վրա, և, բնականաբար, սրանք նրա կողմից հանցագործ հայտարարություններ են: Մի օր վարչապետն այդ հանցագործությունների համար պատասխան է տալու»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը: