«Մարդիկ Փաշինյանից հիասթափվել են նրա ստերի, նրա կադրերի պատճառով, խուժանի բառապաշարով ելույթների համար․ որտե՞ղ են այդ պատճառները»․ Արթուր Համբարձումյան
«Նիկոլ Փաշինյանի նշած բոլոր խմբերի հիասթափության պատճառների մեղավորը ոչ թե կառավարությունն է և վարչապետը, այլ այդ խմբերի ներկայացուցիչների մեջ է պատճառը։ Չկար որևէ խումբ, որ ինքը մատնանշում էր և ասում, որ հիասթափության պատճառը արդար է, այսինքն՝ խնդիրը կառավարության մեջ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը։ Վարչապետը նշեց, որ «մեծ հիասթափության» շրջանակում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, արևմտամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, ռուսամետները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ, ընկերներն ու բարեկամները։
Արթուր Համբարձումյանի խոսքով՝ այս ընթացքում հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանից տարբեր պատճառներով են հիասթափվել․ «Մարդիկ հիասթափվել են նրա ստերի, նրա կադրերի պատճառով, խուժանի բառապաշարով ելույթների համար․ որտե՞ղ են այդ պատճառները և ո՞ր խմբերին են պատկանում։ Եթե քրիստոնեական երկրում հոգևոր հորը դիմում են «պարոն»-ով և «քաղաքացի»-ով, ըստ ձեզ՝ քանի՞ հազար մարդ կարող է հիասթափվել կառավարությունից՝ նման վարքագծի համար։ Հիմա այդ մարդիկ ո՞ր խմբում են, նրանք գոյություն չունե՞ն։ Հազարավոր երիտասարդներ, ովքեր ծառայել են բանակում և հիմա տեսնում են, որ դասալիքները երկրում զբաղեցնում են քաղաքական առաջատար դիրքեր, և հիասթափվում են, հիմա նրանք ո՞ր խմբի մեջ են մտնում։ Այսինքն՝ կան մարդիկ, որոնք հիասթափված են իշխանություններից և արդար են հիասթափված, որովհետև խնդիրն իշխանության մեջ է, և այդ հարցերին նա չի անդրադառնում, անդրադառնում է մտացածին այն խմբերին, որոնք միգուցե նաև գոյություն չունեն, կամ գոյություն ունեն, բայց շատ փոքր ծավալներով»։
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասում է, որ կան խմբեր, որոնք ունեցել են հիասթափվելու լեգիտիմ պատճառ․ «Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչ է նշանակում՝ հիասթափվելու լեգիտիմ պատճառ։ Լեգիտիմ նշանակում է՝ օրենքով կարգված, հետևաբար՝ հիասթափվելու օրենքով կարգված պատճա՞ռ, սա ի՞նչ է նշանակում, սա ի՞նչ նոր ձևակերպում է։ Կարո՞ղ է Փաշինյանը բացատրել հանրությանը, թե որն է լեգիտիմ պատճառը։ Եթե լեգիտիմ պատճառ ասելով՝ նկատի ունի՝ արդար պատճառ, այսինքն՝ մեղքը կառավարությանն է, և ոչ թե՝ հիասթափվողներինը, ապա ինչո՞ւ, երբ ինքը մատնանշում է սփյուռքին կամ հոգևոր աշխարհի ներկայացուցիչներին, էլի մեղքը բարդում է ոչ թե կառավարության վրա, այլ սփյուռքի և հոգևոր աշխարհի ներկայացուցիչների վրա։ 10 րոպեում Փաշինյանը 10 անգամ ինքն իրեն հակասեց»։
Արթուր Համբարձումյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն նույնականացնում է քաղաքական այնպիսի այրի հետ, ում սխրանքը ոչ միայն աշխարհիկ է, այլև՝ հոգևոր․ «Ինքն իրեն նույնականացնում է մեսիայի հետ, և իր գործողություններն ամբողջությամբ գալիս են ապացուցելու դա, որ ինքն անթերի է, իսկ անթերի, գիտենք, միայն ով է։ Իրենք իրենց գործունեությունը չափում են Բագրատունիների թագավորության անկումից հետո՝ 1045 թվականից, այսինքն՝ իրենք ֆանտաստիկ բան են կատարել ՀՀ քաղաքացիների համար, որին հավասարը չի եղել 1000 տարվա ընթացքում։ Իրենք դրա մասին մի քանի անգամ արտահայտվել են։
Ըստ նրանց՝ 1000 տարվա ընթացքում ոչ մի այլ կարևոր իրադարձություն չի եղել, միայն սա է եղել։ Եվ ինքը՝ նման պատմական առաքելություն իրականացնող մարդը, չի կարող ընդունել, որ թերացումներ ունի։ Ինքը մտածում է, որ իրավունք ունի ազդեցություն ունենալ Հայաստանի և՛ աշխարհիկ կյանքի, և՛ հոգևոր կյանքի վրա։ Մուսուլմանական երկրներում այդպիսի մարդկանց կոչում են իմամներ։ Նիկոլ Փաշինյանը քանի՞ անգամ է իրեն համեմատել Հիսուս Քրիստոսի հետ։ Քրիստոս նշանակում է՝ մեսիա, օծյալ։ Իմիջիայլոց, «Քրիստոս» բառի նախնական նշանակությունը եղել է հետևյալը՝ մարդ, ով պետք է գա և ազատի Իսրայելի ժողովրդին գերությունից։ Քրիստոսը հրեաների մոտ ասոցիացվել է ուժի հետ, ոչ թե սիրո, դրա համար հրեաները չեն ընդունում Հիսուս Քրիստոսին։ Հիմա Փաշինյանն իրեն նույնացնում է «Քրիստոս» բառի նախնական նշանակության հետ։ Ասում է՝ եկել եմ, ազատել եմ ձեզ, արել ենք մի քաղաքական օպերացիա, որը 1000 տարվա ընթացքում միակն է, հավասարը չունի»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես կոպիտ արտահայտվեց նախկին գործընկերների մասին, ասաց՝ «Մի անեկդոտ կա, որ կինն ամուսնուց բաժանվում է, ասում են՝ ինչու բաժանվեցիր, պատասխանում է, թե պատճառը կրոնական էր։ Հարցնում են՝ ո՞նց թե՝ կրոնական էր, պատասխանում է՝ այո, ինքը չէր ընդունում, որ ես աստվածուհի եմ։
Հիմա գալով Փաշինյանին՝ որովհետև լրագրողները չեն ընդունում նրա «աստվածային բնույթը»։ Այս մարդը նման առաքելություն է արել, և չեն ընդունում։ Հերիք չի՝ չեն ընդունում, մի հատ էլ՝ քննադատում են, և ըստ Փաշինյանի՝ վնասում իրեն։ Սահմանադրական դատարանի հարցերը երբ լուծի և այնտեղ կարգի մի մարդու, ով կընդունի Փաշինյանի աստվածային բնույթը, հետո հերթը կհասնի լրագրողներին»։
Հետաքրքրվեցինք՝ քանի որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրն է և այդ կուսակցության նախկին անդամ, լավ է ճանաչում Փաշինյանին․ նախկինո՞ւմ էլ էր նա այնպիսին, ինչպիսին հիմա է ներկայացնում։
«Ես նման բան չեմ նկատել իր մոտ։ Երևի թաքնված ինչ-որ խնդիրներ են եղել իր մեջ, որոնք կոծկել է, չենք նկատել»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Համբարձումյանը։