Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» հուշադրամները
Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։
Գևորգ Չավուշ
Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան, 1870 – 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի:
Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում: Մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին (1891-1894 թթ.): 1894 թ. սեպտեմբերին թուրքական կառավարությունը ձերբակալել է և դատապարտել Չավուշին 15 տարվա ազատազրկման: 1896 թ. բանտից փախել է Սասուն, ծանոթացել զորավար Անդրանիկի հետ և զինակցել նրան: 1901 թ. մասնակցել է Բերդակի, Նորշենի և Առաքելոց վանքի կռիվներին, 1904 թ.՝ Սասունի ապստամբությանը, ղեկավարել է Իշխանաձորի և Տալվորիկի ինքնապաշտպանական գործողությունները: Չավուշի մարտական խումբը Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում հերոսաբար կռվել է թուրքական գերազանցող ուժերի դեմ: 1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերը շրջապատում են Չավուշի ջոկատը Մշո դաշտի Սուլուխ գյուղում, որի մատույցներում էլ՝ կամրջի մոտ, նա զոհվում է անհավասար մարտում:
Չավուշը Արևմտյան Հայաստանում թուրքական վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ:
Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երևանում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այլ վայրերում:
Դիմերես` վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին:
Դարձերես` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված` Գևորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, և թրով արծիվ:
Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2020
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ
Հայրենական մեծ պատերազմը (1941 թ. հունիսի 22 – 1945 թ. մայիսի 9) ԽՍՀՄ ժողովուրդների պատերազմն էր ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) կարևորագույն և վճռական մասը:
Թշնամու դեմ բոլոր ճակատներում խորհրդային ժողովուրդների հետ հերոսաբար մարտնչեցին նաև հայ ժողովրդի ավելի քան 500 հազար զավակներ, որոնցից շուրջ 200 հազարը զոհվեցին մարտերում։ 106 հայորդիներ արժանացան ԽՄ հերոսի կոչման, 27-ը` Փառքի երեք աստիճանների շքանշանների, ավելի քան 70 հազարը պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարական կազմում կային 60-ից ավելի հայ գեներալներ և ծովակալ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ: Նրանց շարքերում էին բանակի գեներալ Հ. Բաղրամյանը (հետագայում՝ ԽՄ մարշալ), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Հ. Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Մ. Պարսեղովը, Ս. Գալաջևը, Ս. Մարտիրոսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ն. Սաֆարյանը, Ա. Կարապետյանը, Հ. Թումանյանը, Բ. Առուշանյանը և շատ ուրիշներ:
Մայիսի 9-ը Մեծ հաղթանակի տոն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի համար։ Մեր հայրերն ու պապերն են կերտել այդ հաղթանակը՝ դառնալով հերոսության և իրական հայրենասիրության օրինակ ապագա սերունդների համար։
Դիմերես` «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը:
Դարձերես` վահան և Գեորգիևյան ժապավեն։
Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը 75 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 67,2 գ
Տրամագիծը 50,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2020
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:
Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: