«Փաշինյանը պետք է նաև ասի՝ իր լրատվամիջոցն ի՞նչ եղանակով է ֆինանսավորվել, ո՞վ է այդ տարածքը տրամադրել, արդյո՞ք այն ժամանակվա իշխանությունները չեն տվել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները վաղուց իրեն արդեն չեն հետաքրքրում, և նրա ելույթները հազվադեպ է լսում, նախ՝ հետաքրքիր չեն, և երկրորդը՝ այդքան ժամանակ չունի:
«Նրա վերջին ելույթն եմ նայել, քանի որ դրա հետ կապված արձագանքները մեծ էին, շատ անորակ և անպատասխանատու հայտարարություններ էր անում, իր ոճին համապատասխան, մերկապարանոց հայտարարություններ՝ առանց որևէ լուրջ վերլուծության, առավել ևս, որ ժամանակին եղել է լրագրող և խմբագիր: Նման հայտարարություններ անելու համար, հատկապես՝ երկրի ղեկավարը, պետք է հիմնավորումներով խոսի, եթե մեղադրանք է անում, ապա այն պետք է կոնկրետ լինի, և իր խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրի: Նիկոլ Փաշինյանը պետք է նաև ասի, թե իր լրատվամիջոցն ի՞նչ եղանակով է ֆինանսավորվել, ո՞վ է այդ տարածքը տրամադրել, արդյո՞ք այն ժամանակվա իշխանությունները չեն տվել, արդյո՞ք ներքին գործերի նախարարը կապ ուներ այդ տարածքի հետ, որն իրեն տվել է այն ժամանակվա իշխանությունը, արդյո՞ք իշխանությունից ֆինանսավորվել է, երբ իր թերթը բացվել է, այս ամենը բոլորը շատ լավ գիտեն, բոլորը տեղյակ են, թե ինչն ինչպես է կատարվել, ում միջոցով էր ֆինանսավորվում, անուններով, թե ովքեր էին, և այլն, այսինքն՝ տեղյակ մարդկանց համար այստեղ որևէ գաղտնիք գոյություն չունի: Նաև հետագայում ինքն ինչ միջոցներով է գումար աշխատել, այդ խմբագրությունում բազմաթիվ լրագրողներ են աշխատել, որոնք տեղյակ են շատ մանրամասների: Իսկ այն մարդիկ, որոնք այս ամենին տեղյակ չեն, գուցե վարչապետի խոսքին լուրջ վերաբերվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը լրատվամիջոցների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների վերաբերյալ մասնավորապես ասել էր. «Լրատվական դաշտն ինչպե՞ս ա կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում:
Հիմա, եթե ստանում են, ուրիշ տեղերից, վախվխելով են ստանում՝ կարող ա ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի, և խայտառակ ըլնեն: Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»:
Հարցին՝ այս հայտարարություններն ընդդիմադիր մամուլին լռեցնելու միտումներ ունե՞ն, Ստեփան Դանիելյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ վարչապետը որևէ միտում ունի և առհասարակ հնարավորություններ, որովհետև լրատվամիջոցներին լռեցնելը հնարավոր չէ, հատկապես մեր օերում, հաշվի առնելով սոցցանցի և այլ հնարավորություններ, սա անհնար է, որևէ իշխանություն նման բան չի կարող անել»:
Նրա կարծիքով՝ վարչապետը շատ լավ տեղյակ է իր վարկանիշից, քանի որ փակ ձևով հարցումներ կատարում են և տեղյակ են, թե վերաբերմունքն ինչպիսին է:
«Շատ լավ հասկանում են, որ մոտ ապագայում լինելու են շատ մեծ խնդիրներ, ճգնաժամ, և սա հասկանալով՝ վարչապետը փորձում է ինչ-որ մեղավորներ գտնել, հանրությանը բացատրել, թե ինչու են իրեն վարկաբեկում, և այլն: Վարչապետը փորձում է ինչ-որ եղանակով իր վարկանիշը բարձրացնել և որպես թիրախ ընտրել է լրատվամիջոցներին, քանի որ երկու տարի անցել է, և արդեն նախկին իշխանություններին մեղադրել չի ստացվում, ուստի անհրաժեշտ է նոր թշնամիներ, թշնամիները լրատվամիջոցներն են, դատավորները, Սահմանադրական դատարանը, եթե հնարավորություն ունենա՝ կփորձի նաև արտաքին թշնամիներ գտնել, բայց դրա հնարավորությունը չունի»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը: