«Մանոն Լեսկոն» առաջատար է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմված է մարտի վաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:
Երկրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց…» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939 թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց լույս է տեսել ԱՄՆ-ում «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող տասը մարդ հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:
Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը երրորդ տեղում է: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց միայն նրանց են կարողանում օգնել, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու… Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»-ը չորրորդ հորիզոնականում է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր, որոնց գերակշիռ մասը հայերեն թարգմանվում է առաջին անգամ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդավորություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստ. Ցվայգը՝ համաշխարհային նոր գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, դարձել է հայ ընթերցողի համար ամենապահանջված հեղինակներից: Թարգմանությունը՝ Արա և Մարգարիտ Առաքելյանների:
Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գիրքը հինգերորդն է: Այս գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է գործադրում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է: Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի:
Վեցերորդ տեղում է Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը:
Յոթերորդ հորիզոնականում է Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:
Ութերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:
Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» վեպը՝ մեկ այլ հրատարակությամբ, իններորդ տեղում է: Այն գրականության պատմության ամենաընթերցված և բազում սերունդների հուզած գրքերից մեկն է: Վեպի հերոսուհին երիտասարդ Մանոնը, անկախ իր վիճելի վարքագծից, առ այսօր մնում է գրականության պատմության ամենաքննարկված հերոսուհիներից մեկը: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:
Տասներորդ հորիզոնականում է անգլիացի դասական Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակությանը, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն: Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը