«Արդյո՞ք պատրաստ եք ընդդիմանալ կառավարությանը և Ձեր կոշտ տեսակետը հայտնել»․ Հովհաննես Իգիթյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանը խորհրդարանում պատասխանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԿԲ մանդատն ընդլայնելու վերաբերյալ հարցին, ասաց, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում ԿԲ մանդատը ճիշտ է ընտրված․
«Այն մանդատը, որը մենք ունենք, որը վերաբերում է գների և ֆինանսական համակարգի կայունությանը, իրար և՛ փոխլրացնող են, և՛ ինչ-որ առումով իրար հետ բախման մեջ են, ուստի այդտեղ կա կոորդինացիայի խնդիր։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապացուցված փաստ է, որ ԿԲ-ի կողմից կայուն մակրոմիջավայրի ստեղծումն ինքնին նպաստում է տնտեսական աճին, որովհետև ստեղծում է կանխատեսելիության այն միջավայրը, որտեղ ներդրողները ցանկանում են ներդրում անել։ Իսկ ներդրումները մեր տնտեսական աճի կարևորագույն գործոններից են։ Այնպես որ, կարծում եմ՝ տնտեսական աճը մանդատին ֆորմալացնելու կարիք այս պահին չկա»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նկատեց․ «Դուք այս իրավիճակում պետք է մնաք ավելի բանկիր, քան նախկինում։ Կառավարության, նաև մեր՝ պատգամավորներիս վրա այս իրավիճակում դրված է նաև ժողովրդի սոցիալական հարցը, և գնալով մենք փորձում ենք լայնացնել և խորացնել այդ հանգամանքը։ Դուք որոշ դեպքերում ընդդիմադիր պետք է լինեք կառավարությանը, որովհետև եթե դուք զգաք, որ դա ազդում է դրամային վճարունակության վրա, դուք պետք է կառավարությանն ուղարկեք այդ ազդանշանը։ Արդյո՞ք Դուք պատրաստ եք Ձեր կոշտ տեսակետը հայտնել»։
ԿԲ նախագահի թեկնածուն նշեց, որ ԿԲ-ն անկախ կառույց է, և ըստ այդմ՝ ոչ մի բանով կաշկանդված չեն․ «Եթե լինեն իրավիճակներ, որոնք կարող են ստեղծել երկարաժամկետ խնդիրներ, այո, միանշանակ կընդդիմանանք։ Այս պահի դրությամբ աշխատում ենք թե՛ կառավարության հետ, թե՛ բանկերի հետ՝ ամենօրյա ռեժիմով։ Բանկերի համար նվազեցված որոշակի գործիքների չափը շատ խելամիտ է, և մենք գիտակցում ենք, որ մենք ենք պատասխանատու ֆինանսական կայունության համար այս երկրում, և չկա այդտեղ կոմպրոմիս, որին կարող ենք գնալ՝ վտանգելով մեր հայրենակիցների ապագա խնայողությունները»։
Հովհաննես Իգիթյանը շարունակեց Արարատ Միրզոյանի հարցը՝ հետաքրքրվելով՝ արտակարգ դրության տրամաբանության մեջ ԿԲ մանդատի ուժեղացման կարիք նախագահի թեկնածուն տեսնո՞ւմ է։
«Երկարաժամկետ մանդատի փոփոխության խնդիր այս պահին չկա, որովհետև նույնիսկ այն գործիքակազմը, որն ունենք մեր տիրապետության տակ, ամբողջությամբ օգտագործված չէ։ Դուք նշեցիք այլ ԿԲ-ների կողմից իրականացվող քաղաքականությունը․ պետք է հասկանանք, որ կան ԿԲ-ներ, որոնք արդեն կաշկանդված են, որովհետև տոկոսադրույքներն այդ երկրներում զրո են։ Մեզ մոտ դեռ տոկոսադրույքի գործիքը չի սպառվել, իրացվելիության խնդիրը կարողանում ենք լուծել, ֆինանսական շուկան բնականոն աշխատում է, և այս փուլում որևէ մտահոգություն կամ մանդատի վերաբերյալ խոսել դեռ վաղ է»,- ի պատասխան՝ ասաց Մարտին Գալստյանը։