Բաժիններ՝

«Այս քանի օրը, երբ մեկուսացված ենք, մի բան ինձ համար պարզ դարձավ»․ Ռուբեն Բաբայան

«Ամենամեծ խնդիրն ամբողջ աշխարհում կրթության հարցն է. գիտակցել սեփական պատասխանատվությունը քո կյանքի հանդեպ, այն տան հանդեպ, որտեղ ապրում ես, երկրագնդի հանդեպ։ Սա մի քիչ բարդ է, աշխարհայացքի խնդիր է՝ դու քեզ գիտակցում ես քո երկրի, քո ճակատագրի, մոլորակի տե՞րը, թե՞ դու քեզ ընկալում ես՝ որպես տնվոր։ Ամենամեծ խնդիրն այստեղ է։ Վերջիվերջո, ամեն մեկի գլխին մի ոստիկան չես կանգնեցնի և ֆինանսական ձևով էլ չես շահագրգռի՝ տանը մնալ»,- 168am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ են արտակարգ դրության պայմաններում փողոցները բազմամարդ, մարդիկ չե՞ն գիտակցում իրավիճակի լրջությունը, թե՞ այլ խնդիր է տեսնում։

Ռուբեն Բաբայանը նկատեց՝ մարդկանց գիտակցությունն իշխանափոխությամբ, հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ շատ արագ չի փոխվում.

«Սա երկար գործընթաց է։ Երբ մենք խոսում ենք մշակույթի մասին ոչ թե՝ որպես ժամանց, այլ՝ որպես քաղաքակրթական ընտրություն, հենց սրա մասին ենք խոսում։ Մշակույթն է ձևավորում այս տեսակի մոտեցումը։ Մշակույթն է ստիպում, որ սկսես մտածել, հասկանաս քո դերը։ Այս քանի օրը, երբ մեկուսացված ենք, մի բան ինձ համար պարզ դարձավ, որ սա միայն մեր խնդիրը չէ, ամբողջ աշխարհի խնդիրն է, թե ինչպես ենք մենք մեզ պահում այս հողի վրա։ Կարծում եմ՝ կա երեք տարբերակ, մենք ընտրել ենք երրորդը՝ ամենավատը։

Կամ դու տեր ես և այդ ժամանակ այնպես ես անում, որ այս ամենը չլինի, լինում ես մաքուր, աշխատող, հավաքված, ներդաշնակ։ Կամ դու հյուր ես, որը հասկանում է, որ եկել է որոշակի ժամանակով և պետք է աշխատի չփչացնել։ Կամ դու տնվոր ես, որը թքած ունի, թե ինչ վիճակում իրենից հետո կմնա այս բնակավայրը։ Ցավոք, ոչ միայն մեզ մոտ, այլ շատերի մոտ այդ տնվորի հոգեբանությունն է»։

Նա նկատեց՝ խոսքը ոչ թե մասնագիտական կրթության մասին է, այլ մարդ արարած ձևավորելու.

«Դու այս երկրագնդի վրա ի՞նչ դերակատարում ունես, քո դերակատարումն ամեն ինչ աղտոտելը, փչացնելը, քո մեծ բնակարանի մասին բացարձակ չմտածե՞լն է, թե՞ դու քեզ ընկալում ես՝ որպես մի մարդ, որը պետք է ներդաշնակ ապրի և՛ բոլորի, և՛ բնության, և՛ տիեզերքի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս