Բաժիններ՝

Սիսիանի մոլագար ոստիկանապետը 70-ամյա հորս ու վիրահատված եղբորս է ծեծել, դիմել եմ վեհափառին և վարչապետին. Հայր Ներսես. News.am

Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։ Հոգեւորականը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ համոզված է, որ հայրն ու եղբայրը չեն հրահրել եւ որեւէ կերպ չեն ստեղծել իրավիճակ, որ իրավապահները բռնություն գործադրեն նրանց նկատմամբ։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ազիզյանը։ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն։

Մեզ հետ զրույցում Հայր Ներսեսը ասաց, որ շատ վիրավորված ու վրդովված է միջադեպից։

«Երբ այդ մոլագար ոստիկանապետը միանգամից հարձակվել է եղբորս վրա ու սկսել է հայհոյել, հայրս է միջամտել, հորս նույնպես հայհոյել ու հարվածել է։ Հորեղբորս տղան այդ ամենը տեսանկարահանել է, ու այդ պահին նրա ձեռքից վերցրել են հեռախոսն ու ջնջել տեսանյութը, նրան նույնպես ծեծել են»,- պատմեց հոգեւորականը։

Հայր Ներսեսն ասաց, որ եղբայրը թոքերի ծանր վիրահատություն է տարել, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հորդորել են չհարվածել. «Հորեղբորս տղան ասում է, որ եղբայրս ծանր վիրահատություն է տարել, ավելի լավ է իրեն ծեծի, իսկ ոստիկանապետը մոլագարի նման ասում է՝ թող մեռնի։ Իմ 70-ամյա հորն է հայհոյում, ձեռք անում, կոկորդից բռնում, պրոթեզն ընկնում է բերանից։ Սա կատարյալ ամենաթողություն է, ողբերգություն։ Այս կատարվածը բանականության սահմանների մեջ չի մտնում, պարզապես անբարոյականության գագաթնակետն է։ Ես հետեւողական եմ լինելու, որպեսզի արդար քննություն գնա, հետեւողական եմ լինելու եւ որպես ՀՀ քաղաքացի, եւ որպես տուժածի ընտանիքի անդամ։ Ես ամեն կերպ ջանում եմ, որպեսզի սա քաղաքական կերպով չնայվի, իմ նպատակն ու ցանկությունն է, որ օրենքի համապատասխան կարգով մեղավորները պատժվեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս