Պարետատունը պնդում է՝ տեղորոշելու են ոչ թե հստակ, այլ մոտավոր

Ազգային ժողովը մարտի 31-ին ընդունեց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին  նախագիծը, որով այսուհետև ֆիքսվելու են բոլորի հեռախոսազանգերի սկիզբն ու ավարտը, կարճ հաղորդագրությունների ստացման  ժամանակը:

Օրենքի  կիրառման մեջ խնդիրներ տեսնող ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը  գրավոր հարցմամբ դիմել էր հայաստանյան 3 օպերատորներին՝ պարզելու՝ արդյո՞ք GPS համակարգով  իրենք կարող են հստակ տեղորոշել հեռախոսահամարն ու ըստ այդմ՝ նաև քաղաքացուն:

Հարցմանն ի պատասխան՝ «Բիլայն»-ից հայտնել էին, որ GPS-ի և  տրիանգուլյացիայի միջոցով  հնարավոր չէ տեղորոշել հեռախոսի և սմարթֆոնի հստակ տեղը: «Յուքոմ»-ից նշել էին, որ հստակ տեղորոշումը հնարավոր է տրիանգուլյացիայի միջոցով, սակայն իրենց ընկերությունը նշված տեխնոլոգիան չունի: «ՎիվաՍել»-ն անհնար էր համարել GPS համակարգով հեռախոսի հստակ տեղորոշումը (շեղում 20-100 մ), իսկ տրիանգուլյացայի միջոցով տեղորոշումը հնարավոր էր համարել միայն X, Y հարթություններում:

168.am-ը օպերատորներից ստացված այս պատասխանների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ պարետատնից՝ արդյո՞ք նախքան օրենքի նախագիծն ԱԺ-ին ներկայացնելը փորձել են օպերատորներից ճշտել նրանց տեխնիկական հնարավորությունները և ինչպե՞ս են պատկերացնում իրականացնել քաղաքացու տեղորոշումը, եթե դա հստակ չեն խոստանում երեք օպերատորներից և որևէ մեկը:

Պարետատնից մեզ ուղղորդեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանին՝ որպես տեխնիկական գծով  մասնագետի:

«Խոսքը գնում է երկու մեթոդների  համակցման մասին՝ հեռախոսազանգ  և մոտավոր տեղորոշում: Մենք մոտավոր տեղորոշում ենք մարդկանց գտնվելու վայրը, ապա արձանագրում նրա հեռախոսազանգերը: Նայում ենք, եթե 10 հոգու հետ հեռախոսով  խոսել է, ենթադրենք՝ 5-ի հետ էլ գտնվել են մոտավոր նույն տարածքում, ապա մեծ է հավանականությունը, որ իրենք շփվել են: Մեր ունեցած այս երկու տվյալները համակցելով՝ ունենում ենք հավանականություն, որ նույն տարածքում իրար մոտ գտնվող մարդիկ իրար հետ շփվել են: Իրականում հստակ տեղորոշումն անհնար է: Փակ տարածքներում ևս խոսք է գնում որոշակի հավանականությամբ մոտավոր տեղորոշման մասին: Իսկ ինչ վերաբերում է օպերատորների այն պատասխանին, որ   GPS-ի միջոցով այս ամենը հնարավոր չէ, ապա պետք է  նշեմ, որ մենք դրա համար կիրառելու ենք  բոլորովին այլ տեխնոլոգիա՝  ավելին, մենք արդեն մեր ձեռքի տակ ունենք որոշակի տեխնոլոգիական մշակումներ»,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Հունանյանը:

Քանի որ օրենքն Ազգային ժողովում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ապա օպերատորներից ստացված պատասխանի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև նախարար Բադասյանից:

«Արդարադատության նախարարը ցավում է, որ այդպես էլ ընդդիմադիր որոշ պատգամավորներ չեն կարողացել հասկանալ, թե ինչի մասին է օրենքը, և, որ տեղակայում չի նշանակում՝ անձանց միևնույն վայրում մեկ մետր հեռավորության վրա գտնվելու փաստի հաստատում։ Հենց դրա համար է օրենքով նախատեսվել  զանգի փաստը, որովհետև զանգ+ընդհանուր տեղակայման վայրի համընկնում, ենթադրություն է, որ նշված անձինք զանգից հետո կամ առաջ շփվել են, ֆիզիկական կոնտակտ է եղել, և, հետևաբար՝ վարակակրի հետ շփված անձը կարող է պոտենցիալ վարակակիր լինել»,- հարցի վերաբերյալ նախարարի մեկնաբանությունը մեզ փոխանցեց խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս