Քաղաքապետարանն անվճարունա՞կ է, թե՞ խուսափում է հարկեր վճարելուց
Ինչպես հայտնի է, Երևանի աղբահանությունն իրականացնող լիբանանյան «Սանիթեք» ընկերության գործունեության անփառունակ կասեցումից հետո մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկը:
Մինչ նոր իշխանությունները «Սանիթեք» ընկերությանը մեղադրում էին հարկեր չվճարելու ու նախկին իշխանությունների հետ հանցավոր համագործակցության գալու համար, պարզվում է, որ նորաստեղծ համայնքային հիմնարկն էլ փաստորեն հարկեր չի վճարում:
168.am-ի ձեռքի տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց 1 հասցեում տեղակայված «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» պետական կառավարչական հիմնարկին: Արգիշտի փողոց 1-ը Երևանի քաղաքապետարանի հասցեն է:
Փաստաթուղթը ծանուցագիր է, որով ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային պարտավորություններ՝ ընդհանուրը 4096003 դրամ գումարի, որից 4083752 դրամը ապառք, իսկ՝ 12251 դրամը՝ տույժ:
Խոսքը եկամտային հարկի մասին է, որը նշված համայնքային հիմնարկը պարտավոր է վճարել, և որը փաստորեն ս/թ մարտի 24-ի դրությամբ չի վճարել:
«Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկը անվճարունա՞կ է, թե՞ պարզապես չարամտորեն խուսափում է վճարել հարկերը, թող պարզեն համապատասխան պատկան մարմինները:
Իսկ մենք կհետևենք իրադարձությունների ընթացքին, հատկապես որ մեր տեղեկություններով՝ ավելի վաղ ՊԵԿ-ը Քաղաքապետարանից պահանջել էր նաև ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տվյալներ, որի վճարումից համայնքային հիմնարկն ազատված է, սակայն պարտավոր է ՊԵԿ-ին ամեն դեպքում հաշվարկ ներկայացնել:
Փաստորեն, ՊԵԿ-ը ստիպված է ծանուցագիր ուղարկել ու Քաղաքապետարանին հիշեցնել իր հարկային պարտավորությունները չվճարելու մասին: