«Պետք է ոչնչացվի, որովհետև օրենքով նախատեսված է, որ պետք է ոչնչացվի». Արդարադատության նախարարը՝ հավաքագրվող տվյալների մասին
«Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակ են հետապնդում և միանշանակ արդարացված էին և այն վերջին միջոցն էին, որ գործող սահմանափակումների հետ միասին կամ որոշ սահմանափակումների համադրմամբ՝ պետք է բերի ցանկալի արդյունքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով կոնտակտավորներին հեռախոսի միջոցով տեղորոշելու մասին աղմկահարույց օրինագծին:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախարարը կառավարությունում հրավիրված ասուլիսում անդրադարձել է այս փաթեթի շուրջ ծագած մտահոգություններին:
«Երբ վարակակրի մասին տվյալներն արդեն պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջիցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն: Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չգիտեմ, դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք նաև ուսումնասիրելով միջազգային փորձը՝ որոշակի բանաձևեր են մշակել, որոնց հիման վրա կարողանալու են կիրառել: Այո, դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ծրագրի մանրամասները ներկայացրեց նախարարը:
Հարցին, թե որքանո՞վ է արդարացված այս կարգավորումը, եթե վարակակիր անձը կարող է հեռախոսով շփվել, բայց չհանդիպել մարդկանց հետ, կամ հանդիպել դրսում, օրինակ՝ սուպերմարկետում, բայց չխոսել հեռախոսով, Ռ. Բադասյանը պատասխանեց. «Վիճակագրությունը որոշակի տվյալների հիման վրա բերում է ավելի հավանական սցենարների, հիմա այդ ավելի հավանական սցենարները Իսրայելում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Չինաստանում բերել են այնպիսի տվյալների, որ սա արդյունավետ միջոց է, այսինքն՝ զանգ, տեղորոշման վայր, մեծ ճշտությամբ բերում է որոշակի արդյունքների:
Սուպերմարկետում, եթե չեն զանգել, բայց հանդիպել են իրար, կան արդեն այլ կիրառված սահմանափակման միջոցներ, որ միաժամանակ անձանց ներկայություն էդ սուպերմարկետում…, նաև ընկերություններ կան, որոնց նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել էդ կանոնը… այսինքն՝ տարբեր կանոնների մասին է խոսվում: Ինչ վերաբերում է նրան, որ կարող է զանգած լինել, բայց չհանդիպի, ավտոմատացված համակարգի համար այդ տեղեկությունը որևէ հետաքրքրություն չի ներկայացնի»:
Բացի նախարարի բանավոր խոսքից՝ ո՞րն է քաղաքացու երաշխիքը, որ իր վերաբերյալ տվյալները ոչնչացվելու են՝ հաջորդ հարցին ի պատասխան՝ նա ասաց.
«Պետք է ոչնչացվի, որովհետև օրենքով նախատեսված է, որ պետք է ոչնչացվի: Պետք է ոչնչացվի, որովհետև այդ տվյալները պահպանելու նախ՝ որևէ մոտիվացիա չի կարող լինել, նույնիսկ, եթե կասկածն իրավապահ մարմինների նկատմամբ է՝ իրավապահ մարմինների համար որևէ հետաքրքրություն այդ տեղեկությունը չի ներկայացնում»:
Ապա հարցով դիմեց հարցն ուղարկող լրագրողին. «Իսկ ինքը որքանո՞վ է վստահ, որ, օրինակ (իհարկե, ես սրանով որևէ անվստահություն չեմ հայտնում օպերատորներին), այս նույն տեղեկությունը, որը կուտակվում է մշտապես, որքանով որ օպերատորները սկսել են գործունեություն իրականացնել ՀՀ-ում, պահպանվում է օպերատորների մոտ, չի վերացվում կամ վերացվում է ֆանտաստիկ երկար ժամանակահատված հետո, ասենք՝ օպերատորի գլխավոր մասնագետը կարող է օնլայն հասանելիություն ունենալ այդ տվյալներին, որքանո՞վ է վստահելի, որ էդտեղից, օրինակ, արտահոսքեր չեն լինի:
Ես կարծում եմ, որ չեն լինում արտահոսքեր, առավել ևս չեն լինի, երբ դա պետական մարմնի կողմից է օգտագործվում՝ համաճարակի դեմ պայքարելու շրջանակներում, և կրկին վառ երևակայություն է պետք ունենալ, որ կարծել, որ համաճարակի դեմ պայքարում նման միջոցառումներ իրականացնելը կրիտիկական, ինչ-որ մեկի ուղեղում կծնվի միտք՝ այլ նպատակներով այդ ինֆորմացիան… չնայած բարդ է պատկերացնել «այլ նպատակները», օգտագործվեն»: