
Ցանկացած ճգնաժամ մեծ վերադասավորումների շրջան է. Տիգրան Ավինյան

Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից 168.am-ը հետաքրքվեց` «անընդհատ խոսում ենք տնտեսական կորուստներից` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, բայցև վարչապետը նշում է, որ կարող ենք օգուտներ քաղել: Ըստ այդմ` տնտեսական քաղաքականության մեջ ի՞նչ վերանայումներ են արվելու, նոր իրողություններին համահունչ ի՞նչ գործողությունների ծրագրեր են իրականացվելու: Երկրորդ` առողջապահական համակարգի առումով, բյուջեի միջոցների ծախսման հետ կապված ի՞նչ դասեր քաղեցինք»:
Մեր այս հարցադրումերին ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց, որ ցանկացած ճգնաժամ մեծ վերադասավորումների շրջան է:
«Դա մեծ կորուստների է բերում, բայց նույնպես բացում է լայն հնարավորություններ: Կարծում եմ` մեր խնդիրը, առհասարակ, բիզնեսի խնդիրը պետք է լինի` հասկանալ, թե որտեղ ինչի կարիք կա այս փուլում, և ինչի կարիք է լինելու վաղը, և հնարավորինս պետության աջակցությամբ այդ վերադասավորումներն իրականացնի: Ես ուզում եմ տեղեկացնել, որ տնտեսական ծրագրերում, որոնք հիմա քննարկվում են, կարևորագույն կոմպոնենտ է հենց ճգնաժամի պատճառով առաջացած խնդիրների լուծումների համար բիզնես լուծումների խրախուսումը և ֆինանսավորումը: Այսինքն` ունենալու ենք նման կոմպոնենտ, որը բավականին մեծ գումար է ենթադրելու»,- նշեց փոխվարչապետը` շրջանցելով հարցի երկրորդ մասը: