Բաժիններ՝

«Ցավոք, ամբողջ աշխարհում է տարածված այս անհեթեթությունը, մարդիկ հավատում ու մեծ քանակությամբ կոճապղպեղ, լիմոն են գնում»․ Կարեն Չիլինգարյան

Վերջին օրերին կոճապղպեղի և լիմոնի գնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել։ Սուպերմարկետներում լիմոնի 1 կիլոգրամն արժե 4150 դրամ, 1 հատը՝ 830 դրամ, կոճապղպեղի 1 կիլոգրամն էլ մոտ 15․000 դրամ է։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրին՝ գրել է, որ փնտրում է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին՝ իրազեկելու սննդամթերքի շուկայում գրանցված թանկացումների մասին։

Նա մի քանի գնապիտակների լուսանկարներ է հրապարակել, ՀԴՄ կտրոններն էլ մտադիր է փոխանցել պատասխանատուներին, եթե, իհարկե, կարողանա նրանց գտնել։

Ն. Զոհրաբյանը գրել է. «Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք։ Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թև, գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչև էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար։ Կոճապղպեղը, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի։ Եվ, քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ՝ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձնաժողովը։ Իմացողներին խնդրում եմ ինձ իրազեկել. չեկեր ունեմ փոխանցելու»։

Ահազանգի վերաբերյալ 168.am-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց՝ զբաղվո՞ւմ են արդյոք այս խնդրով, թե՞ ոչ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին ու տնտեսվարողներին՝ հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ, ուստի նաև հետաքրքրվեցինք՝ ստացե՞լ են տվյալները, թե՞ ոչ:

Ի պատասխան՝  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ասացին՝ երբ տվյալներ լինեն՝ կհրապարակեն։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանգամանքի բերումով այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ավելի վատ վիճակ է։

«ՌԴ-ում ավելի խայտառակ վիճակ է։ Այստեղ այնպիսի գներ են, որ պատկերացնել հնարավոր չէ։ Կրասնոդարում իմբիրի 1 կիլոգրամը 7000 ռուբլի է։ Ճիշտ է, սա համատարած չէ, տեղ կա, որ 1850 ռուբլի է, բայց աննորմալ իրավիճակ է։ Հասկանալի է, երբ ինչ-որ խնդիր է առաջանում, մարդիկ խուճապի են մատնվում ու սկսում են ամեն ինչի հավատալ։ Սկզբում սխտորի գինը բարձրացավ, հետո անցան կոճապղպեղին։ Սրանք չեն կարող պայքարել նոր կորոնավիրուսի դեմ։ Սխտոր, լիմոն, ամեն ինչ կարելի է օգտագործել, բայց չափի մեջ։ Ցավոք, ամբողջ աշխարհում է տարածված այս անհեթեթությունը, մարդիկ հավատում ու մեծ քանակությամբ գնում են նման բաներ, որը հանգեցնում է գների արհեստական բարձրացմանը»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս