
«Կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք». Տիգրան Ավինյան

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց՝ Հայաստանը ցանկություն է հայտնել սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել:
«Ռուս գործընկերներին մենք տեղեկացրել ենք այդ մասին: Թե ինչ փուլով և ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, կարծում եմ, դեռ վաղ է խոսել: Բայց, այնուամենայնիվ, շուկայում գների տատանումները` նավթի և գազի, այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման համար բոլոր հիմքերը: Եվ, կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ գազի գնի վերանայման հարցով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: