Մարտ ամսին նախարարություններում կլինե՞ն պարգևատրումներ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարտ ամսի պարգևավճարներն ուղղելու են համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին:

Գործադիրից նմանատիպ հայտարարություններ չեղան, և 168.am-ը փորձեց պարզել՝ արդյոք իրավիճակով պայմանավորված պարգևավճարների մասին «նոր» որոշումներ կա՞ն գործադիրում:

«Նախարարություններում և մարզպետարաններում մարտ ամսին և՞ս կտրվեն պարգևավճարներ»՝ մեր գրավոր հարցի պատասխանն արդեն փոխանցել են մի քանի նախարարություններ և Լոռու ու Գեղարքունիքի մարզպետարանները:

Ըստ այդմ՝ մարզպետարաններում հարցի շուրջ դեռ հստակ որոշում չկա, իսկ նախարարություններում որոշումները տարբեր են:

Հիշեցնենք, ավելի վաղ, մեզ հետ զրույցում այս հարցին չէին ցանկացել անդրադառնալ Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչությունը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց, որ քննարկվելու է առանձին աշխատակիցներին պարգևատրելու հարցը.

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում Ֆինանսների նախարարությունը շարունակում է պատշաճ կերպով ապահովել նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը, և 2020 թվականի մարտ ամսվա ավարտից հետո գնահատելով աշխատակիցների աշխատանքային գործունեությունը՝ հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի կատարման համար կքննարկվի ՀՀ ֆինանսների նախարարության առանձին աշխատակիցների խրախուսման հարցը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ տեղեկացանք, որ մարտ ամսվա կատարած աշխատանքների համար պարգևատրում վճարելու կամ չվճարելու որոշում այս պահին չկա:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ներկայացրեց առաջին եռամսյակի մասին որոշումը, ըստ որի՝ նախարարության ընդհանուր աշխատավարձի ֆոնդն առաջին կիսամյակի համար՝ 1.01.2020 թ.-ից մինչև 31.03.2020թ., կազմում է 300374,8 հազար դրամ, որից՝ նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով եռամսյակային գումարը կազմում է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 13,77 %-ը՝ 41356,2 հազար դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ ընդհանուր աշխատավարձի 17, 56 %-ը՝ 52741,0 հազար դրամ. «Վերոնշյալ միջոցների հաշվին պարգևավճարը կազմվել է հաստիքային դրույքաչափի տարբեր գործակիցներով, որտեղ հաշվի է առնվել յուրաքանչյուր աշխատակցի ծանրաբեռնվածությունը, պատասխանատվության չափը և կատարած աշխատանքի որակը»:

Պարգևավճարներ կստանանան նաև Արդարադատության նախարարությունում. Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը պատասխանում մասնավորապես նշել էր.

«Մարտ ամսին աշխատանքային պարտականությունները որակյալ և բարեխղճորեն կատարելու համար նախատեսվում է Արդարադատության նախարարության աշխատակիցների պարգևատրում»։

Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ աշխատակիցներին մարտին պարգևավճարներ չեն հատկացվելու:

Հաշվի առնելով այն, որ որոշ նախարարություններում այս հարցով դեռևս չկա հստակ որոշում, գրավոր հարցումներ կուղարկենք նաև ապրիլ ամսին՝ տեղեկանալու՝ այդուհանդերձ, այդ նախարարություններում պարգևավճարների «ավանդույթը» մնաց անփոփո՞խ, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս