«Էնքան կարևոր հարցերով ենք զբաղված հիմա՝ ի՞նչ պարգևավճարի ժամանակ է». մարտ ամսին մարզպետարաններում և նախարարություններում կլինե՞ն պարգևատրումներ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Այս տեղեկությունն իրարամերժ գնահատականների արժանացավ հասարակական տարբեր շրջանակներում, և կրկին քննարկումների թիրախում հայտնվեց «պարգևավճարների» թեման:

168.am-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք իրավիճակով պայմանավորված՝ գործադիր մարմնում ևս պարգևավճարների վերաբերյալ որոշումներ կան:

«Մարտ ամսին և՞ս մարզպետարանում կտրվեն պարգևավճարներ»՝ մեր հարցին ի պատասխան՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց.

«Չեմ կարող հիմա նման հարցերի պատասխանել, էնքան կարևոր հարցերով ենք զբաղված հիմա, ի՞նչ պարգևավճարի ժամանակ է»:

Գ. Սանոսյանը հավելեց, որ գրավոր հարցման դեպքում մանրամասներ կփոխանցեն:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես չցանկացավ այս պահին անդրադառնալ թեմային, բայց տեղեկացրեց.

«Վստահեցնում եմ, որ մարզային ենթակայության բուժանձնակազմերն ու համապատասխան ստորաբաժանման գործընկերները վստահաբար կխրախուսվեն՝ իրենց անձնուրաց աշխատանքի համար և այս փուլում ցուցաբերած բարձր պատրաստակամության համար»:

168.am-ը թեմայով գրավոր հարցումներ է հղել մարզպետարաններ և նախարարություններ. Պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս