«Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու»․ Ռուստամ Բադասյան
«Երեկ հետևել եմ սոցցանցերի քննարկումներին և կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքում թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը հստակեցրեց՝ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու․
«Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում։ Օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղում են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարի համար։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ արտակարգ դրության ավատից հետո։ Այսինքն՝ ոչ միայն անձնավորված, այլև ապաանձնավորված տվյալները։ Այս ամենը չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը։Եթե զանգերից պարզվի, որ վարակակրի հետ հեռախոսազրույց ունեցած անձինք նույն տեղակայման վայրում չեն եղել, այդ անձինք այլևս որևէ հետաքրքրություն չեն ներկայացնի»։
Նա հավելեց, որ մասնագետներն ուսումնասիրել են Իսրայելի, Հարավային Կորեայի և Չինաստանի փորձը համաճարակի դեմ պայքարում, հանգել եզրակացության, որ այս համակարգն է ամենաարդյունավետը։