Արմեն Սարգսյանը նամակ է հղել Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ:
Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաև ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ միջազգային ընկերակցությունն ու համերաշխությունը նման գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միակ արդյունավետ միջոցն են, քանի որ աշխարհի որևէ տարածաշրջան չի կարող զերծ մնալ վարակի տարածումից»:
Կարևորելով Չինաստանի հետ ավանդական սերտ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը՝ նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնել Չինաստանի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակության համար:
Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաև մասնագիտական օժանդակության ձևով: