Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հորդորում է մեծահասակներին դուրս չգալ տանից
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հորդորում է մարզում ապրող տարեցներին դուրս չգալ տանից իրենց և այլոց առողջությունը չվտանգելու համար: Մազպետը մեծահասակների խնամակալներին խնդրում է առավել ուշադիր լինել նրանց հանդեպ:
«Մեր մի շարք հայրենակիցներ, խախտելով տեղաշարժման սահմանափակման պահանջները, վարչական պատասխանատվության են ենթարկվել: Նրանց թվում եղել են նաև մեկուսացման ենթարկված անձինք, որոնք խախտել են պահանջներն ու հաճախել աշխատանքի՝վտանգելով ինչպես իրենց, այնպես էլ գործընկերներին»,-նշեց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ դեպքերին: Իր կոչերը մասնավորապես ուղղված են մեծահասակներին՝ տատիկներին ու պապիկներին, որոնք հատկապես այս օրերին պետք է առավել գգոն ու ուշադիր լինեն:
Սարգսյանի խոսքով՝ երբեմն հանդիպում են դեպքերի, երբ պապիկները բակերի զրուցարաններում հավաքված ավելի քան յոթ հոգով հաղորդակցվում են, զրուցում, ժամանակն են անցկացնում:
«Այսպես հարցին լուծում տալ հնարավոր չէ, որովհետև նրանց վարվելակերպը կարող է վտանգել հենց նրանց առողջությունը: Դիմում եմ տարեցների երեխաներին, խնամակալներին, հարազատներին ու խնդրում, որ նրանք մեծ ուշադրություն դարձնեն մեծահասակներին և թույլ չտան նրանց իջնել բակ ու երկար ժամանալ անցկացնել այնտեղ»,-ընդգծեց Գարիկ Սարգսյանը: