 
                        Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
 
                                    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին։
Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը:
Պատրիկ Դեւեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        